Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը, որը հայտնի իրադարձություններից հետո հրաժարական տված` ԲԴԽ անդամներից մեկն էր, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջարկներ, որոնք կարող են առողջացնել դատական համակարգը:
«Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ…
Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
1. Բոլոր դատական ատյանների դատավորների թիվն անհրաժեշտ է կրկնապատկել՝ շեշտակիորեն նվազեցնելով նրանց ոչ խելամիտ ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պետք է մշակվեն դատավորի ծանրաբեռնվածության հստակ նորմատիվներ, որոնք կբացառեն դրանց շրջանակներում լիովին ծանրաբեռնված դատավորին նոր գործերի մակագրումը:
2. Հարկ է առնվազն կրկնապատկել դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության չափը՝ ֆինանսապես գրավիչ դարձնելով հանրային ծառայությունը դատական իշխանության համակարգում և ապահովելով թարմ ու որակյալ կադրերի ներհոսք:
3. Դատավարական օրենսդրության կատարելագործման և մի շարք այլ միջոցառումների իրականացման միջոցով պետք է ապահովվի դատական վերանայման արդարացի և անխափան մեխանիզմ, որը լիարժեքորեն կապահովի հնարավոր դատական սխալների վերացումը:
4. Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի վարչական պալատ և ներդվեն քաղաքացիական և վարչական պալատների կողմից հակասական իրավական դիրքորոշումները բացառող մեխանիզմներ:
5. Ստեղծել հակակոռուպցիոն դատարանների երկաստիճան համարգ՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերն առաջին ատյանի կարգով կոլեգիալ կազմով քննելու հնարավորություն։
6. Օր առաջ պետք է ստեղծվի տվյալների թվայնացված անհրաժեշտ կենտրոնը և ներդրվեն էլեկտրոնային արդարադատության, դատական գործերի կառավարման և արդարադատության մշտադիտարկման թվայնացված համակարգերը:
7. Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ կողմից որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ իրենց ձայնի տնօրինման կապակցությամբ և կբացառի առերևույթ որևէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը կամ չափազանց կարևոր նախաձեռնությունների «անդեմ» ձախողումը:
8. Պետք է մշակել և ներդնել ԲԴԽ-ի հստակ կանխորոշված որոշումների շրջանակի բողոքարկման/վերանայման մեխանիզմներ:
9. Անհրաժեշտ է ընդլայնել և որոշակիացնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները՝ նրան վերապահելով դատարանների բնականոն գործունեության ապահովման կապակցությամբ կոնկրետ հարցերով Խորհրդի որոշումների վրա դատավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ «վետո» դնելու իրավասություն:
10. Նպատակահարմար կլինի վերականգնել Դատարանների նախագահների խորհուրդը՝ այդ մարմնին վերապահելով Խորհրդին կից խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Նման մարմնի բացակայությունն անջրպետ է ստեղծում Խոհրդի և դատական կորպուսի միջև: Ավելին, Խորհրդի բոլոր անդամների համար պետք է սահմանել Դատավորների ընդհանուր ժողովներին մասնակցելու, որոշ հարցերում Ժողովի առջև հաշվետու լինելու պարտականություն:
11. Անհրաժեշտ է վերանայել և որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը՝ դրանց կազմից բացառելով նյութական իրավունքի նորմերի խախտումը և ընդլայնելով ու որոշակիացնելով վարքագծի կանոնների շրջանակը: Խորհրդին հարկ է վերապահել դատավորների աշխատանքային կարգապահության կանոններ հաստատելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:
12. Խորհուրդը պետք է ունենա առանձին հիմքերով (այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությամբ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն:
13. Կարգապահական հանձնաժողովի աշխատանքը պետք է տեսանելի դարձվի հանրության համար, բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականությունը, նախատեսվի Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրության համակարգ:
14. Ընդհանուր ժողովին և Խորհրդին պետք է հնարավորություն տրվի բարձրացնելու Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
15. Խորհուրդը պետք է հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները և կազմակերպելու նոր ընտրություն:
16. Անհրաժեշտ է վերանայել դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ոչնչով չհիմնավորված սահմանափակումները:
17. Հարկ է հստակ իրավական հետևանքներ նախատեսել դատավորի գործունեության գնահատման անբավարար արդյունքների համար՝ հընթացս վերանայելով նաև այդ գնահատման չափանիշները: Ընդ որում, գնահատման լիազորությունը ճիշտ կլինի վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովին, որի կազմում կարող են ներգրավվել իրավաբան գիտնականներ և ՀԿ-րի ներկայացուցիչներ: Լավ մշակված գնահատման համակարգն ի զորու է ապահովել դատավորների իրավաչափ «պերմանենտ վեթինգը»: Խորհուրդը կարող է հանդես գալ որպես գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքները քննող մարմին:
18. Անհրաժեշտ է վերանայել դատավորների թափուր տեղերի համալրման ընթացակարգերը՝ նախատեսելով ըստ թափուր տեղերի մրցույթներ իրականացնելու և հավակնորդների ցուցակներ կազմելու հնարավորություն:
19. Պետք է իրականացվեն արդարադատության ծախսատարությունը նվազեցնելուն ուղղված գործուն միջոցառումներ, այդ թվում՝ բացառելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դատական ակտերի անհարկի բողոքարկման հնարավորությունը:
20. Պետք է բարելավել դատարանների շենքային և նյութատեխնիկական պայմանները, կատարելագործել դատարանների համար պետական գնումների ընթացակարգերը՝ բացառելով ոչ պատշաճ որակի ապրանքների ձեռքբերումների պատճառ հանդիսացող հանգամանքները:
21. Արմատապես պետք է վերանայվի դատավորների ընթացիկ վերապատրաստման համակարգը՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:
22. Խորհրդին հարկ է վերապահել դատական իշխանության կազմակերպման և դատավարական հարցերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունք:
23. ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները պետք է կասեցվեն՝ ԲԴԽ անդամի պաշտոնավարման ամբողջ ժամկետով:
24. Հարկ է ներդնել գործերի բաշխման թափանցիկությունն ապահովող համակարգ:
25. Լրջագույն փոձագիտական ներուժի ներգրավմամբ հարկ է մշակել և ընդունել ԲԴԽ հետևյալ որոշումները՝
- Դատարանների գործավարության կանոնները.
- Դատավորների գործունեության գնահատման կարգը և մեթոդաբանությունը.
- Գործերի քննության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.
- Դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության չափանիշները:
Եթե ցանկանում ենք ունենալ իրապես անկախ, որակյալ և ադյունավետ արդարադատություն, առնվազն թվարկված միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Անհարժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում նշված բոլոր խնդիրները լուծելի են», - գրել է Սերգեյ Մեղրյանը: