կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 13:45
Մշակույթ

Կարեւորվել է Իրան-Հայաստան հարաբերություններում երկու երկրների ԶԼՄ-ների դերը

Կարեւորվել է Իրան-Հայաստան հարաբերություններում երկու երկրների ԶԼՄ-ների դերը

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

«Ալիք»-ի «Հրայր Մարուխեան» սրահում կազմակերպւած հանդիպմանը հիւրերին ողջոյնի խօսք ուղղելով «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը անդրադարձաւ օրաթերթի պատմութեանը եւ առօրեային ու ընդգծեց, որ նման հանդիպումները անհրաժեշտ են փոխճանաչողութեան եւ փոխհասկացողութեան առաւել զարգացման համար եւ կարեւորեց մամուլի դերը համազգային հարցերի միասնական դրսեւորման ուղղութեամբ:

Հանդիպմանը ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը անդրադարձաւ պատւիրակութեան Իրան կատարած պաշտօնական այցի արդիւնաւէտութեանը եւ կարեւորեց Հայաստանի պատւիրակութիւնների Իրան այցերի շրջագծում համայնքային մասշտաբի հանդիպումները:

«Ալիք» կայքէջի պատասխանատու Արամ Շահնազարեանը անդրադարձաւ կայքէջի, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին եւ «Պայման» եռամսեայ հանդէսի գործունէութեանը:

Հանդիպմանը Յովհաննէս Մովսիսեանը անդրադառնալով Իրան այցի նպատակներին ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանը համարւում է շատ կարեւոր երկիր: Նա նաեւ կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան դերակատարութեանը: Անդրադառնալով այցին նա ընդգծեց, որ այցի նպատակն է ակտիւացնել կապերը Իրանի հետ եւ շեշտեց. «Առաջին հերթին խնդիր է դրւած հասարակութիւնների մակարդակով միմեանց ճանաչելը, ինչը կարող է հիմքը դառնալ հետագայ ծրագրերի համար, իսկ հասարակութիւնների փոխճանաչողութեան համար ամենակարեւոր գործօններից է տեղեկատւական դաշտը»: Նա նշեց, որ հանդիպումներ են ունեցել Իրանի մի շարք կարեւոր զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ եւ յաւելեց, որ նախատեսւում են երկու երկրների լրատւամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:

Հանդիպմանը, որին նեկայ էին «Ալիք» հաստատութեան, խմբագրութեան, կայքէջի եւ տնօրէնութեան, Հայ Դատի յանձնախմբի, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ներկայացուցիչները, ներկաները երկու երկրների մշակութային եւ լրատւական դաշտի առաւել նպաստաւոր համագործակցութեան համար յղեցին հարցումներ, որոնց համապարփակ պատասխանում էին հիւրերը: