կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-18 17:10
Հասարակություն

Նրանց մեղավորությունն էլ կա, որ նախաձեռնող չեն եղել․ Արփի Դավոյանը՝ ՔՊ-ի կանանց մասին

Նրանց մեղավորությունն էլ կա, որ նախաձեռնող չեն եղել․ Արփի Դավոյանը՝ ՔՊ-ի կանանց մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որ օրերս ընտրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց՝ բացասական է վերաբերվում հանգամանքին, որ վարչության կազմում կանայք քիչ են։

Հիշեցնեք, որ ՔՊ-ի` 21 հոգուց բաղկացած վարչության կազմում ընդամենը երկու կին կա՝ Արփի Դավոյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կարծում եմ, որ այստեղ ոչ թե ընտրողների մեղավորությունն է, որ կանանց քիչ ձայն են տվել, այլ նաև այն հանգամանքը, որ առաջադրված 51 թեկնածուներից 8-ն են կին եղել։ Երջանիկ կլինեի, որ ութից ութն էլ ընտրվեին, ու կարծում եմ՝ նրանց մեղավորությունն էլ կա, որ նախաձեռնող չեն եղել»,- ասաց Դավոյանը։

«Ինչո՞ւ նախաձեռնող չեն, ցանկություն չունե՞ն, դեռ քաղաքական թոհուբոհի մեջ լիովին չմտած` հոգնե՞լ են»,- հարցրեցինք։ «Չեմ կարող ասել, ուղղակի ամեն մարդ իր կարծիքը պետք է ունենա, իր դիրքորոշումը պետք է կարողանա  հայտնել։ Անհատական մոտեցման հարց է»,- նշեց նա։

Հարցին` երկուսով կարող են ապահովել ներկայացվածությունը, բարձրաձայնել այն հարցերը, որ կարող են կանայք տեսնել, տղամարդիկ՝ ոչ, Արփի Դավոյանը պատասխանեց. «Պետք է փորձեք անել առավելագույնը` ինչ-որ կարող ենք անել»։