ԱՐՑԱԽՊՐԵՍ. Վալանսի քաղաքապետը արձագանքել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի վարչական դատարանի կողմից Վալանս եւ Ստեփանակերտի (Արցախ) քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ:
«Ֆրանսիայի եւ Արցախի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամաբ եւ որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով:
Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին եւ ինքնորոշման ուղեգծին:
Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ կնքված Բարեկամության հռչակագիրը, ես որեւէ կերպ չեմ զղջում վերոհիշյալ համաձայնագիրը ստորագրելուս համար, որը, կրկնում եմ, բարեկամական կամքի արտահայտում է:
Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավազոր են կնքել նման Բարեկամության հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ դրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի պարագայում) քաղաքային խորհրդի որոշումներ չեն եւ չեն կարող հարցականի տակ դրվել վարչական դատարանների կողմից: Անհնար է խոչընդոտել բարեկամությանը դատական որոշումներով:
Բացի այդ, ես դատապարտում եմ ֆրանսիական ազգային իշխանությունների իրարամերժ գործողությունները: Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը հավաստիացրել էր հայկական ծագում ունեցող մեր համաքաղաքացիներին, որ մարդասիրական կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը հետապնդումների չեն ենթարկվի:
Միեւնույն ժամանակ, դատական հետապնդումները բազմապատկվում են՝ ռազմատենչ Ադրբեջանին հստակ քաջալերանքի ազդանշան հասցեագրելով:
Բազնադարյա բարեկամության եւ կարճաժամկետ տնտեսական շահերի միջեւ վերջինիս օգտին ընտրություն կատարելով՝ Ֆրանսիայի Կառավարությունը խախտում է բալանսավորված եւ բարյացակամ մոտեցում ցուցաբերելու ավանդական դիրքորոշումը, որը Ֆրանսիան ցուցաբերել է ազատության համար պայքարող ժողովուրդների նկատմամբ»:
Նիկոլա Դարագոն
Վալանսի քաղաքապետը
Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ