Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը լրագրողներին ներկայացրեց քաղաքում անձրևային հեղեղումների արդյունքում ստեղծված վիճակն ու կատարվող աշխատանքները: Նա նշեց, որ բնական աղետից արդեն 10 օր է անցել, և աղետի հետևանքների վերացման համար կառավարության հանձնարարականով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Այն վեր է հանել հեղեղի պատճառած վնասները: Քաղաքապետի խոսքով՝ գումարային վնասի գնահատականները մինչև վերջ անհնար է որոշել` մինչև չմաքրվեն սելավատարերը: Կառավարության որոշում կա, որ աղետի հետևանքով տուժած բնակիչներին պետք է աջակցություն ցուցաբերվի, պետք է մաքրվեն հեղեղատները:
«Այս պահի դրությամբ` այդ բոլոր աշխատանքներն ընթանում են, աշխատում է 3 միավոր ծանր տեխնիկա՝ էքսկատավորներ, ինչպես նաև` 8 բեռնատար: Այսօր կավարտեն մաքրել մանկապարտեզի հարակից տարածքը, և կսկսվի դպրոցի հարակից տարածքի մաքրումը: Ամբողջովին կփոխվեն մանկապարտեզի ու դպրոցի կոյուղագծերը»,- ասաց Արթիկի քաղաքապետը:
Լրագրողների հարցերը վերաբերում էին Արթիկի բնակիչների դժգոհություններին, որ կառավարության տված աջակցությունը համարժեք չէ կրած վնասներին: Արթիկի քաղաքապետը նշեց, որ խոսքըոչ թե վնասի փոխհատուցման, այլ աջակցության մասին է` բնակտարածքի վնասների, ցանքատարածությունների վնասի ու գյուղատնտեսական կենդանիների կորցնելու դիմաց:
Արսեն Աբրահամյանի խոսքով՝ աղետի օրվանից սկսած` կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` կառավարության մասնագիտական խումբը, տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչները, առողջապահության ու հակահամաճարակային մասնագետները եղել են տեղում: Մասնագիտական խումբն աշխատել է ապահովել կրած վնասների օբյեկտիվությունը: Ըստ Արթիկի քաղաքապետի` կառավարության տված աջակցությունը բավարար է, որ բնակիչները կարողանան կարգի բերել իրենց բնակարանները, այլ հարց է, որ որոշ բնակիչներ ակնկալում էին, որ նոր բնակարաններ իրենց կտրամադրվեն:
«Այս 10 օրերի ընթացքում ես եղել եմ բոլոր տուժած բնակարաններում: Հատկացված գումարը միանշանակ բավարար է, որ տները վերանորոգվեն ու գան այն վիճակին որը եղել են մինչև հեղեղը: Տուժած տների գերակշիռ մասը 60-70 ականների տներ էին, որոշ դեպքերում` փայտեր տանիքով: Խոնավությունն անցնելուց հետո այդ տներում կվերականգնվեն նորմալ ապրելու պայմանները: Վնասված գույքի մասով եղան ֆանտաստիկ հայտարարություններ: Չէ՞ որ տուն մտնելիս մոտավորապես երևում է, թե տվյալ բնակիչն ինչ ապրուստի տեր կարող է լինել: Բնակիչներից մեկը հայտարարեց, թե կորցրել է ահագին ոսկեղեն: Եղան բնակիչներ, որ հայտարարեցին, թե կորցրել են տասնյակ պարկերով ալյուր, շաքարավազ: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ համայնքի ուժերով այդ հետևանքների հաղթահարումը կլինի անպայման, ոչ ոք առանց շաքարավազ ու առանց կահույք չի մնա»,- ասաց Արսեն Աբրահամյանը:
Քաղաքապետի խոսքով՝ բնակիչների դժգոհ լինելն այլ հանգամանք է, բայց եթե իրապես կա վիճակի վատթարացում, ապա մասնագիտական հանձնաժողովին կներկայացնեն լրացուցիչ առաջարկներ: Նա հավելեց, որ առանց տանիքի մարդ չի մնացել Արթիկում, տուժածներին անգամ առաջարկվել է տարբերակ, որ ժամանակավորապես վարձով բնակվեն, մինչ խոնավությունը տներից անցնի, և քաղաքապետարանը կվճարի տան վարձերը, սակայն բնակիչները չեն համաձայնել: