կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-11 15:10
Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 7-ին  Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ և սոցիոլոգ, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

  • կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,
  • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
  • հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների սոցիալական անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն,  և այլն:

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև հնարավոր այլ իրավասու սուբյեկտների:

Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել առանձին սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ:

Հոգեբուժական հաստատության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ աշխատել վեր հանված խնդիրների վերացման, պացիենտների իրավունքների ապահովման վիճակի բարելավման, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում բուժանձնակազմի կարողությունների զարգացման և իրավական իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական կազմակերպության այս մոտեցումը և ևս պատրաստակամություն է հայտնում նպաստել վեր հանված խնդիրների լուծմանը: