կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 10:42
Սպորտ

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ եւ հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0:

Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից եւ տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) եւ ռուս մրցակիցներից (5:4) եւ դուրս եկել եզրափակիչ:

Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ եւ պարտվեց 0:9 հաշվով:

Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) եւ ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր: 

Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ:

Նախօրեին պարտություն կրած Կարեն Խաչատրյանը (82 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն հունիսի 5-ին պարտվել է երկրորդ սփոփիչ գոտեմարտում եւ լքել պայքարը:

Հունիսի 4-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով եւ ելույթն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալով: