կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 20:08
Քաղաքական

Ինքնաբուխ այս ակցիան վկայեց՝ ազգային արժեքների, Արցախի վերաբերյալ անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի մեր հասարակությունում. Գեղամ Մանուկյան

Ինքնաբուխ այս ակցիան վկայեց՝ ազգային արժեքների, Արցախի վերաբերյալ անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի մեր հասարակությունում. Գեղամ Մանուկյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն այսօր ներկայացել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ բացատրություն տալու ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու մասին։ Դաշնակցական գործչի օրինակին ինքնաբուխ հետևեցին այլ քաղաքացիներ ևս՝ ներկայանալով ոստիկանություն և հայտնելով, որ իրենք են ծեծի ենթարկել ակտիվիստին։

Ոստիկանությանը ներկայանալուց հետո Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ անցնող 2-3 ժամերի ընթացքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանցից բազմաթիվ հեռախոսազանգեր ու գրություններ է ստացել, և միայն կուսակցական ընկերները չեն, որ ներկայացել են ոստիկանության բաժին:

«Սա այն բանի վկայությունն է, որ նաև հանրությունն է հասկանում, որ մեր ազգային արժեքների, ավանդույթների, Արցախի վերաբերյալ նման անբարոյական ձևակերպումներով խոսքը տեղ չունի, թոռնիկի ներկայությամբ պապիկի վրա հարձակումը տեղ չունի, այն ինչին ականատես եղանք մի քանի օր առաջ»:

Գեղամ Մանուկյանը նշեց՝ ակցիան կուսակցական քայլ չէր, այլ քայլ էր, որպեսզի հանրությանը ցույց տան, որ չի կարելի այլևս հանդուրժել այն անթույլատրելի թշնամանքը, ատելության խոսքը, որն այսօր տարածված է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի միջոցով նաև լրատվամիջոցներում: Պետք է այս ամենը դադարեցվի: 

Հարցին, թե Վարդան Հարությունյանն ի՞նչ աղերսներ ունի վերոշարադրյալի հետ, Գեղամ Մանուկյանը հորդորեց՝  կարդալ նրա մի քանի գրառումները. «Երբ մի երիտասարդ կարող է «թուրք» կոչել արցախցուն, Պարգև Սրբազանին վերջին գռեհիկ բառերն ասի... ասում ենք խոսքի ազատություն, բայց հո չենք ասում... Ես առիթ եմ ունեցել իրենց կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանին ասել՝ թող ներողություն խնդրի: Բազմաթիվ փորձեր են արվել, հիմա չասեմ...»:

Հարցին, այս ակցիայով ծեծն են արդարացնում, չէ՞ որ խուլիգանություն է տեղի ունեցել, Գեղամ Մանուկյանը հակադարձեց. «Դուք քննի՞չ եք: Դուք արդեն հոդված եք ներկայացնում: Ամիսներ շարունակ է այդ տղային փորձ արվել բացատրել...  ձևակերպումները, որ օգտագործում է այդ տղան, նույնիսկ թուրքը չի ձևակերպում»:

Լրագրողների դիտարկմանը, թե Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի մասով քրեական գործի հարուցումը, ըստ ոստիկանության, մերժվել է` հանցակազմ չլինելու պատճառով, Գեղամ Մանուկյանը նշեց, որ ոչ թե մերժվել է քրեական գործի հարուցումը, այլ Հրանտ Մարգարյանը մեծահոգաբար բողոք չի ներկայացրել ոստիկանություն, և բողոքի բացակայության պատճառով գործ չի հարուցվել:

Անդրադառնալով միջադեպի մասնակիցներից բերման ենթարկված Յուրա Հովհաննիսյանին՝ Գեղամ Մանուկյանն ընդգծեց. «Նա մեր շատ լավ երիտասարդներից է: Եվ ի տարբերություն շատ շատերի, որոնք հրապարակներում կամ սոցիալական ցանցերում գլուխ են գովում, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցություն են ունեցել, Յուրան դաշնակցական այն երիտասարդներից է, ով ապրիլի 2-ին կամավորագրվել է, և իրականացրել մարտական հերթապահություն առաջնագծում»:

Տեղեկացնենք՝ Յուրա Հովհաննիսյանն ազատ է արձակվել Կենտրոնի ոստիկանությունից, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: