կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-31 12:41
Հասարակություն

Կառավարությունը 1.5 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցների խնդրի լուծման տարբերակներ

Կառավարությունը 1.5 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցների խնդրի լուծման տարբերակներ

Այսօր կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վարագ Սիսեռյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում շինարարական կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը տեղեկացրեց՝ կառավարությունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է ներկայացնի խնդրի լուծման տարբերակներ: Նա նշեց, որ կառավարությունը բանակցություններ է վարում «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ՝ խնդրի ընդհանուր կամ համապարփակ լուծման համար։

«Եթե կառավարությունն ունի պարտավորությունների վերաբերյալ խնդիրներ կամ հարցեր «Կորսան Կորվիամ»-ի հետ, մենք առաջարկեցինք, որ մեզ փորձեն այդ խնդիրների մեջ չներգրավել, գտնեն միջոցներ, որպեսզի կառավարությունն ուղղակի կամ անուղղակի կատարի վճարումները շինարարությունն իրականացնող կազմակերպություններին», - ասաց Արմեն Սաքապետոյանը։

Նշված մեկուկես ամսվա ընթացքում բողոքի ակցիաները կդադարեցվեն, իսկ եթե չլինի ցանկալի լուծում, դրանք կշարունակվեն։

Հիշեցնենք՝ նախօրեին «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները փակել էին ճանապարհի Ուջան գյուղի հատվածը՝ պահանջելով հանդիպում կառավարության անդամների հետ։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն ամիսներ շարունակ չվճարած իրենց աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպություն պնդում է, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չի ստացել։