Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արայիկ Հարությունյանը մարդ է, որն իրավունք ունի ունենալու իր կարծիքը և իրավունք ունի պնդելու իր կարծիքը, ի՞նչ կա զարմանալու. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի նորընտիր ժամանակավոր պաշտանակատար, ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը`անդրադառնալով ամիսներ առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ԵՊՀ-ն 15 տարի նույն տեղում է դոփում:
Նա մասնավորապես նշեց. «Համաձայն չեմ, որ առաջ չի գնացել: Գուցե այնքան առաջ չի գնացել, ինչքան պետք է առաջ գնար, հաստատ ինչ-որ բաներում թերացել ենք, բայց դա քննարկման բան չէ: Անելիքը պիտի միտված լինի ապագային, այլ ոչ թե այն բանին, թե նախկինում ինչ չի արվել կամ վատ է արվել»:
Խոսելով շրջանառվող տեղեկությունների մասին, թե ինքը ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ դատական գործընթացների մեջ է, Գևորգյանը մանրամասնեց. «Ես չգիտեմ`մեր դատարաններն ինչ տեմպով են աշխատում: Նրանք պարտավոր էին 1 ամսում գործն ընդունել վարույթ և նշանակել դատական նիստի օր: Անցել է մոտ 2.5 ամիս, բայց որևէ քայլ արված չէ: Երբ քայլ անեն, ես էլ կխորհրդակցեմ իմ փաստաբանի հետ, ու կորոշենք`ինչ անել»:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իշխանության հետ աշխատանքը բարդություններ չի՞ ստեղծի` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նորընտիր պաշտոնակատարը նախորդ տարի դռներ էր փակում հեղափոխության ժամանակ, Գևորգյանը պատասխանեց. «Այդ միջադեպին եղել են մասնակիցներ: Մեկը ես եմ եղել, մյուսը`այսօրվա վարչապետը, ԱԺ նախագահն ու ԿԳ նախարարը, և կարծես որևէ մեկը թե' այն ժամանակ, թե' հիմա չունի նեղացվածություն: Բայց մարդիկ, որոնք ոչ միայն չեն մասնակցել դրան, այլ նաև խուսափել են մասնակցելուց, այսօր արտահայտություններ են անում` հեղափոխական կամ հակահեղափոխական: Ես կրկնում եմ`ո'չ հեղափոխանական եմ, ո'չ էլ` հակահեղափոխական: Իմ ցանկությունն ու աշխատանքը միշտ եղել է գիտության և կրթության մեջ, դրանց կազմակերպման մեջ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, այժմ էլ ցանկություն չունեմ զբաղվելու»:
Նա հավելեց, որ, որպես քաղաքացի, կարծում է, որ փոփոխությունները միշտ օգտակար են:
Մամուլում նաև վերջերս լուրեր էին շրջանառվում, թե Գեղամ Գևորգյանն ու Արայիկ Հարությունյանը մինչ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունները հանդիպում են ունեցել: Թե ի՞նչ նպատակով են հանդիպել, Գևորգյանը պատասխանեց. «Ես Արայիկ Հարությունյանին առաջին անգամ տեսել եմ այստեղ, և հանդիպել ենք, որն էլ շահարկվում է, այնուհետև օգոստոսի 8-ին` ակադեմիկոս Սերգեյ Համբաձումյանի հոգեհանգստին, և մի անգամ էլ աշնանը` պաշտոնական ընդունելությանը»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը պրոռեկտորի աշխատանքից հեռացրել իրեն, Գևորգյանը պարզաբանեց. «Ինձ աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ ես համագործակցում եմ իշխանության հետ, գաղտնի հանդիպում եմ Նիկոլ Փաշինյանի և այլոց հետ: Նման բան չկա ու չի եղել: Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել եմ ինձ աշխատանքից հեռացնելուց 10 օր հետո` մարտի 22-ին»: Թե ի՞նչ նպատակով, նորընտիր պաշտոնակատարը պատասխանեց. «Բարի նպատակով»:
Անդրադառնալով այն լուրերին, թե արդյոք EvocaBank-ում բաժնեմասեր ունի, Գևորգյանը հաստատեց տեղեկությունը: «Դա չի խանգարի ինձ զբաղվել գիտական գործունեթյամբ: Ես ուղղակի ամեն տարվա վերջում կստանամ իմ փայը»,- ասաց նա:
Խոսելով արդեն իր ու Արամ Սիմոնյանի հարաբերությունների մասին` Գևորգյանը վստահեցրեց, որն իրենք կշարունակեն աշխատել միասին: «Պաշտոնակատար անձի պարտականությունների մեջ է մտնում աշխատել բոլոր աշխատակիցների հետ նորմալ, եթե մարդը չի կարող նորմալ շփվել իր ենթակաների հետ, ապա նա` որպես ղեկավար, անելիք չունի»: Նա շեշտեց, որ Արամ Սիմոնյանին չի տեսել մարտի 22-ից և չի պատրաստվում նրանից վրեժ լուծել, քանի որ կարծում է, որ նա սխալվել է:
Ինչ վերաբերում է իրեն սատարողներին, Գևորգյանը նշեց. «Հովհաննես Հովհաննիսյանին («Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր) մի քանի անգամ եմ հանդիպել, վերջին անգամ` ամռան կեսերին` «Սինոպսիս»-ի միջոցառման ժամանակ կանգնած զրուցել ենք, դա է եղել: Եթե նա լավ է վերաբերվում, ես շնորհակալ եմ, բայց դրա տակ ոչ մի բան չփնտրեք: Ինչ վերաբերում է Սմբատ Գոգյանին (ԲՈԿ նախագահ), ապա 2004-ից ճանաչում է ինձ: 2004-ին նա ավարտեց ֆիզիկայի ֆակուլտետը, որից հետո այդ տաղանդավոր երիտասարդին ամեն կերպ աջակցել եմ, և նա իրեն դրսևորել է որպես հասուն մարդ ու գիտնական: Այդ ընթացքում շփումների արդյունքն էր, որ նա այսօր նման գնահատական տվեց: Դա մի օրվա խոսելու բան չէր, դա 15 տարվա համատեղ աշխատանքի արդյունք է»:
Գևորգյանը նաև անդրադարձավ իր կուսակցական գործունեությանը` հավաստիացնելով, որ այս պահին ինքն անկուսակցական է: «Ես Խորհրդային միության ժամանակ կարճ ժամանակով եղել եմ Կոմունիստական կուսակցության անդամ, որի համար չեմ փոշմանում»,- տեղեկացրեց նա:
Վերջում նորընտիր պաշտոնակատարը խոսեց բուհում նախկինում տեղի ունեցած քաղաքական ճնշումների մասին: «Համալսարանը 20.000-ոց կոլեկտիվ է: Դուք ո՞նց եք պատկերացնում` նման կոլեկտիվում քաղաքական հայացքներ, խմբավորումներ չե՞ն կարող լինել: Իհարկե, միջամտելու փորձեր միշտ էլ տարբեր մարդկանց կողմից կլինեն»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը: