կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 22:55
Հասարակություն

Գագիկ Գալստյանը` ԵՃՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Գագիկ Գալստյանը` ԵՃՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին:

 

Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները:

 

«Ուզում եմ նշել նաև, որ բուհը պատվով է դուրս գալիս եվրոպական հավատարմագրման գործընթացից. այդ մասին է վկայում ֆրանսիական հավատարմագրային գործակալության զեկույցը, և մենք հույս ունենք, որ շուտով կունենանք եվրոպական ամենախիստ չափանիշներին համապատասխան գործընթաց, որը կավարտվի փաստաթղթային ամրապնդմամբ»,-նշել է Աշոտյանը` անդրադառնալով նաև Հայաստանի պետական ճարտարագիտական և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանների հնարավոր վերամիավորման խնդրին:

 

Ըստ նախարարի` ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ` նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների, ինչպես նաև երկու բուհերի ռեկտորների և ուսանողների մասնակցությամբ՝ բուհերի միավորման գործընթացը նախապատրաստելու նպատակով:

 

«Աշխատանքային խմբի առջև դրված է երկու նպատակ. նախ` կանխատեսել միասնական բուհի ստեղծման պարագայում ինչ վարչական, կրթական համակարգեր կունենանք, կանխատեսել կադրային հոսքերի տեղաբաշխումը, մասնագիտությունների խոշորացման և առհասարակ կրթական գործընթացի կազմակերպումը: Երկրորդ` համապատասխան կանխատեսում ունենալու դեպքում մանրամասն քննարկել բուհերի և ուսանողների հետ, նախագիծը դնել հրապարակային քննարկման և նոր միայն ներկայացնել ՀՀ կառավարության որոշման: Մենք ուզում ենք, որ գործընթացը լինի արագ, բայց ոչ ի հաշիվ որակի, ոչ մի արհեստականացում. միայն նպատակային և բնական զարգացում: Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել` բոլոր շահառուների ներկայացումը քննարկվող հարցում պարտադիր է»,-նշել է նախարարը` վերոնշյալ հարցում կարևորելով նաև մասնավոր հատվածի, աշխատաշուկայի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, Ճարտարապետների միության և այլ նմանատիպ կառույցների կարծիքը: