Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անգելա Մերկելի խոսքի թարգմանության հետ կապված խնդրին:
«Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:
Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. «շահարկվող հատված»:
Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։
Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. «պադոշ»:
Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:
Ու ձեր «հեռարձակումները» մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։
«Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակել է Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը, որի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից: