կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 10:34
Քաղաքական

Ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Զոհրաբյան–Մամեդյարով հաջորդ հնարավոր հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, թե ակնկալվում է, որ Վաշինգտոնն է ընդունելու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հնարավոր հանդիպումը։

ՀՀ արտգործնախարարը անդրադարձել է Մամեդյարովի հետ կարճ առանձնազրույցին` պատասխանելով. 

«Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»:

Ի պատասխան հարցի, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն անդրադարձ եղե՞լ է և ուրվագծվու՞մ է առաջիկայում, ՀՀ արտգործնախարարը պատասխանել է. «Մի փոքր էլ համբերենք։ Գիտեք որ, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն, համաձայնել։ Սսկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք»։

 Այն հարցին, թե արդյոք արդեն հստա՞կ է, որ Վաշինգտոնն է հյուրընկալելու, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է. «Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում, հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»։

Մնացականյանն անդրադարձել է նաև Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին։

«Մենք սկզբունքորեն կողմ ենք։ Բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,– ասել է նա։