կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 20:37
Քաղաքական

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Մայիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ հնարավորություն է գնահատելու առաջին տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության արձանագրած ձեռքբերումները և քննարկելու համագործակցության հեռանկարները: «ԱլԳ վերաբերյալ առկա են տարբեր տեսակետներ, գնահատականներ և ընկալումներ ինչպես վեց գործընկերների, այնպես էլ՝ ԵՄ անդամների շրջանում։ Այնուամենայնիվ, Արևելյան գործընկերությունը նաև նշանավորվեց Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացի զգալի մակարդակով: Այն զարգանում է որպես բազմակողմ հարթակ ԵՄ հետ ներգրավվածության տարբեր ուղիներ և մակարդակներ ընտրած գործընկեր երկրների միջև: Արևելյան գործընկերությունը նաև շատ կարևոր և ամուր հարթակ է ԵՄ հետ մեր երկկողմ համագործակցության համար»։

Հայաստանի համար Արևելյան գործընկերության համատեքստում նախարար Մնացականյանն առանձնացրեց երեք գործոններ, որոնցից առաջինը ԵՄ «տարբերակման» քաղաքականության հիման վրա Հայաստանի՝ որպես համագործակցության առավել ճկուն և ընդլայնված շրջանակներ փնտրող երկրի առանձնահատուկ դիրքի ճանաչումն ու ընկալումն է, որի նշանավորումն էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կնքումը: Որպես երկրորդ գործընթաց առանձնացվեց Եվրոպայի և Հայաստանի միջև ընդհանուր արժեքների կարևորումը՝ հիմնված ընդհանուր քաղաքակրթական ժառանգության, ինչպես նաև կայուն ժողովրդավարության, ազատության, երկխոսության և համագործակցության փոխադարձ ձգտումների վրա: Իսկ որպես երրորդ գործոն Զոհրաբ Մնացականյանն առանձնացրեց Հայաստանի յուրահատուկ ներդրումը Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում, որը լիարժեքորեն արտահայտվեց անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ:

«Մենք հանձնառու ենք ամրապնդել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ՝  հիմնված փոխադարձ հարգանքի, շահերի և անվտանգության նկատառումների ճանաչման, ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության նկատմամբ մեր պատասխանատվության ընդունման վրա, միաժամանակ ակնկալելով ԵՄ աջակցությունը՝ մեր բարեփոխումների, կայուն զարգացման, մարդկային շփումների խթանմանը, այդ թվում՝ առանց մուտքի արտոնագրի տեղաշարժի, մշակութային, կրթական և գիտական փոխանակումների ապահովմանը»:

Զոհրաբ Մնացականյանը հույս հայտնեց, որ ԵՄ-ն կարող է առանցքային դեր խաղալ գործընկերների հետ և գործընկերների միջև առավել ներառական տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի մշակման և իրականացման գործում։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանն առավել կարևորեց ԱլԳ-ի թվային, բնապահպանական, ֆինանսական և այլ ոլորտային օրակարգերի ընդլայնումը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև շեշտեց, որ Արևելյան գործընկերության տարածքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանման առաջնահերթությունների արժեզրկումը կխոչընդոտի և անդառնալի վնաս կհասցնի ԱլԳ հայեցակարգին և արժեքահեն հարաբերություններին, ուստի Հայաստանը պատրաստակամ է համատեղ աշխատել՝ ընդլայնելու Արևելյան գործընկերության կարողությունները իրավունքի գերակայության, ժողովրդավարական հաստատությունների կայունության և մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

Անդրադարձ կատարելով առկա մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական մրցակցությանը և առճակատմանը դիմակայելու համար անհրաժեշտ է Եվրոպայում խորացնել համագործակցության ներուժը և կարողությունները: Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ԱԳ նախարարը կարևորեց ԵՄ շարունակական աջակցությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծվեց, որ այս սկզբունքները և դիրքորոշումները վերահաստատվել են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: