կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 11:39
Քաղաքական

Արցախի մասին քաղաքական մեկնաբանություններից պետք է զերծ մնալ. Իվետա Տոնոյան

Արցախի մասին քաղաքական մեկնաբանություններից պետք է զերծ մնալ. Իվետա Տոնոյան

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին լրագրողները «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին` ինչպե՞ս կմեկնաբանեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ» օրերս արած հայտարարությունը:

Պատգամավոր Իվետա Տոնոյանը նախ ասաց, որ իրենք ուշի ուշով հետևում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, բայց իրենք նմանատիպ ձևակերպումներից զերծ են մնում: «Արցախի ժողովրդի հետ կապված հայտարարություններում մենք պետք է չափազանց ուշադիր լինենք ու զերծ մնանք քաղաքական մեկնաբանություններից: Իսկ այդ հայտարարությունը միջամտություն է Արցախի ներքին հարցերին, և ես հասցեական չեմ պատասխանի»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Փաշինյանի` ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի մասին հայտարարությունը, ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` փաստաթղթերը կորել են: Եթե այդպես է, ապա այն որոշակի ընթացակարգ է ենթադրում, մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարց է առաջանում, պետք է պարզաբանել` ինչ փաստաթղթեր են կորել, ինչի հետ են դրանք կապված և այլն»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի` օրերս ունեցած ասուլիսին, որի ժամանակ նա հարյուր փաստ էր ներկայացրել, Էնֆիաջյանն ասաց, որ մեր երկրում խնդիրները ոչ թե հարյուրն են, այլ հարյուրավոր են: «Դրանք լուծելու տենդենցը, իհարկե, գնահատելի է, բայց խնդիրների լուծումը պետք է ըստ ոլորտների ու բնագավառների զգանք: Մեր ժողովուրդը, հասարակությունը ու մեր երկրի քաղաքացիները պետք է նկատեն երկրում տեղի ունեցող փոփոխությունները»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը: