կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 16:03
Հասարակություն

Ինչո՞ւ մանկատան սանին Երևանի կենտրոնում պետք է բնակարան տանք, Արթիկում, Գորիսում, Մեղրիում վա՞տ է. Փաշինյան

Ինչո՞ւ մանկատան սանին Երևանի կենտրոնում պետք է բնակարան տանք, Արթիկում, Գորիսում, Մեղրիում վա՞տ է. Փաշինյան

ՀՀ կառավարությունը սահմանեց զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման գործընթացի ամբողջականության ապահովմանը:

«Հաշվի առնելով  տարիներով բնակարանային ապահովության համար հաշվառված և ապահովություն չստացած անձանց թիվը և պետության կողմից այդ ապահովության իրացման հնարավորությունները, որոշման նախագծով սահմանվել են անհատույց ֆինանսական աջակցության չափերը, ընդ որում` Երևան քաղաքի համար նախատեսվել է, ըստ եռամսյակի, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող՝ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, իսկ ՀՀ այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը»,- մանրամասնեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար: «Ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է հետևյալ առաջնահերթությամբ` առաջինը` սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզեր, երկրորդը` Հայաստանի Հանրապետության այլ մարզեր, երրորդը` Երևան քաղաքում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մարզերում ի՞նչ սկզբունքով է տրվելու ֆինանսական աջակցությունը, հետո՝ համոզված լինե՞նք, որ այդ գումարով կարողանալու են  բնակարան գնել:

Պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ այո, հաշվարկներ են կատարվել, բայց հնարավոր է ինչ-որ պահի Երևանի մասով տոկոսային դրույքը փոխվի, եթե գումարներ մնան:

Վարչապետն արձագանքեց. «Մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք` մի հարց տասնյակ տարիներով մեռյալ կետում է, ոչ մեկ դրա մասին ո'չ հիշում է, ո'չ մտածում, ու բոլորը, ոնց որ թե, նորմալ են: Երբ կամք է ցուցաբերվում, ու խնդիրը լուծվում է, և շահառուների թեկուզ կեսի խնդիրը 100 տոկոսով լուծում ենք, բողոքներ են ի հայտ գալիս, թե՝ ի՞նչ ենք անում, այսինքն՝ «ո'չ ինձ, ո'չ քեզ» տարբերակը: Սա ինձ համար անհասկանալի տրամաբանություն է: Հիմա ասում ենք՝ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երևանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե տարբերակը ձեզ ձեռնտու է, խնդրե՛մ, օգտվեք այդ տարբերակից, եթե` ոչ, էդ ո՞նց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս, մի շաբաթ չեք կարող սպասել»:

Նա նշեց, որ տպավորություն ունի, թե ընդդիմությունը, ՀԿ-ները կարծես ասում են՝ մի' լուծեք այդ հարցը, թող ոչ մեկի հարցը չլուծվի:

Փաշինյանի խոսքով՝ կարող է մարդ լինել Երևանից, որ չի ուզում Երևանում ապրել, ուզում է Արթիկում ապրել: «Ասում է՝ տվեք իմ գումարը, ես գնամ, ապրեմ: Ինչի՞ մենք էդ մարդուն պիտի ասենք` չէ, բայց կարող է լինեն մարդիկ, որոնք ասեն՝ ես ուզում եմ Հյուսիսային պողոտայում տուն ունենալ, դա էլ պիտի հասկանանք՝ ի՞նչ է նշանակում, ի՞նչ պահանջ է, ինչո՞ւ Հյուսիսային պողոտայում և ոչ Ամիրյան  փողոցում»,- ասաց վարչապետը:

Պաշտպանության նախարարն արձագանքեց՝ զինծառայողների իրավունքն է, թե որտեղ են ցանկանում  բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է նրանց մշտական բնակության վայրին համապատասխան:

Փաշինյանն անդրադարձավ նաև մանկատան սաներին բնակարաններով ապահովելու խնդրին՝ հարցնելով` ի՞նչ սկզբունքով ենք որոշելու նրանց բնակարան ունենալու վայրը:

«Մենք ասում ենք, որ մանկատան սանին  Երևան քաղաքի կենտրոնո՞ւմ ենք բնակարան տալու: Սա նշանակում է՝  մենք այդ հարցը չենք լուծելու: Երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Երևանի կենտրոնում տանք: Եթե մանկատան սանին բնակարան առաջարկենք Արթիկում, Գորիսում, Մեղրիում, դա վա՞տ է: Պետք է այս հարցերում ճկուն լինենք: Մեր կառավարությունում քանի՞ մարդ կա, որ Հյուսիսային պողոտայում է ապրում: Եվ պետք էլ չի: Այնտեղ պետք է ապրեն նրանք, ովքեր օրինական միլիոններ են վաստակել, իսկ մենք պետք է Երրորդ մասում- բանում ապրենք: Իհարկե, ժամանակավոր կարող է այնտեղ չապրենք, չնայած Երրորդ մասում վատ չի, շատ լավ տեղ է»,- հավելեց նա:

Ավելի ուշ պաշտպանության նախարարի ներկայացրած օրինագիծն ընդունվեց: