կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 10:25
Տնտեսական

ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

ՀՀ նախագահի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ, Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները: Կողմերն ընդգծել էին կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև պայմանավորվել ընկերության ներկայացուցիչների՝ Հայաստան այցելության մասին։

Կյանքի կոչելով պայմանավորվածությունը՝ «Դասո սիստեմս»-ի պատվիրակությունը մայիսի 9-ին կժամանի Հայաստան: Ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան նախագահ Արմեն Սարգսյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, կայցելեն Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Այբ» դպրոց, «Քվանտ» վարժարան, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» և «ԲեթԿոնստրակտ» ընկերություններ, կհանդիպեն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ընկերության կողմից Հայաստանում հնարավոր ծրագրերի ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:

«Դասո սիստեմս»-ը գործում է«Dassault Group» ֆրանսիական հանրահայտ ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտին, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի և այլ բնագավառներում:

Միջազգային խոշորագույն այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 140 երկրներում: