կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 11:58
Հասարակություն

Հայերի բնաջնջման մասին Բեհաեդդին Շաքիրի նամակները

Հայերի բնաջնջման մասին Բեհաեդդին Շաքիրի նամակները

Պատմաբան Թաներ Աքչամը գնում է Հայոց ցեղասպանության հարցում կարևոր դեր կատարած Բեհաեդդին Շաքիրի՝ հայերի բնաջնջման մասին երկու նամակների հետքերով և ցույց տալիս, թե ինչու պետք է անհիմն համարվեն այն առարկությունները, թե այդ նամակները «բնօրինակ» չեն։

Թաներ Աքչամ

Արամ Անտոնյանը 1921 թ. հրապարակել էր Հալեպի Գաղթականության գրասենյակում աշխատած մի օսմանցի պաշտոնյայի՝ Նաիմ էֆենդու հուշերը։ Իրականում դա մի դասական հուշագրություն չէր. Նաիմ էֆենդին իր ձեռագրով պատճենել էր հայերի բնաջնջման մասին հրամաններ պարունակող մոտ 52 օսմանյան փաստաթուղթ։

Բացի այդ, Նաիմ էֆենդին Անտոնյանին էր հանձնել մոտ 26 փաստաթղթերի բնօրինակները։ Անտոնյանը դրանցից 14-ի լուսանկաները հրատարակել էր իր գրքում։ Դրանցից երկուսը Բեհաեդդին Շաքիրի նամակներն էին՝ ուղղված Ադանայի պատվիրակ Ջեմալ բեյին։

Առաջին նամակը կրում է 1915 թ. մարտի 3-ի ամսաթիվը։ Շաքիրը նամակում գրում է. «Կուսակցությունը որոշել է հայրենիքը փրկել այդ անիծյալ ժողովրդից (հայերից) և այս հարցում Օսմանյան պետության պատմության վրա մնալիք կեղտաբծի պատասխանատվությունը վերցնել իր՝ ազգային պատվի տեր ուսերին։ Կուսակցությունը, որ բերնեբերան լեցուն է իրար հաջորդած դեպքերի համար վրեժխնդրության զգացումով և չի կարողանում մոռանալ իր չարաբախտ և ցավալի անցալը, ապագայի համար լիահույս լինելով՝ վճռել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին՝ մեկին իսկ ողջ չթողնելով, և այդ հարցում լայն իրավասություն է շնորհել կառավարությանը։ Կառավարությունը նահանգապետերին և բանակի հրամանատարներին կտա անհրաժեշտ բացատրություններ, թե ինչպես պետք է իրականացվի սպանելով ոչնչացնելու գործողությունը։ Միություն և առաջադիմություն կուսակցության բոլոր պատվիրակները իրենց գտնված վայրերում կզբաղվեն այդ հարցով, նրանք թույլ չեն տա, որ որևէ հայ պաշտպանվի, կամ վերջինիս օգնության հասնեն (տառերը ես եմ մգացրել-Թ.Ա.)։

1915 թ. ապրիլի 7-ով թվագրված հաջորդ նամակում կրկնվում է Բեհաեդդին Շաքիրի նույն արտահայտությունը. «Ինչպես գրվել է նաև 330 թ. փետրվարի 18-ի (1915 թ. մարտի 3) ամսաթիվը կրող նամակում, կուսակցությունը այսուհետ իր որդեգրած ուղու մեջ որոշել է այսօր այլևս հիմքից պոկել ու ոչնչացնել տարիներ շարունակ իր հետ ընդհարված զանազան ուժերին և ափսոս որ ստիպված է այս հարցում շատ արյունոտ միջոցների դիմել։ Հավատացեք, որ մենք էլ ենք ցավում, որ այդ միջոցները սարսափելի պետք է լինեն։ Սակայն կուսակցությունը դրանից բացի այլ ճանապարհ չի տեսնում»։

Անտոնյանը չգիտեր, որ այդ ստորագրությունները պատկանում են Շաքիրին

Անտոնյանի կողմից` 1937 թ. Շվեյցարիայում բնակվող Մարի Թերզյան անվամբ հայ ընկերուհուն գրված մի նամակի շնորհիվ հասկանում ենք, որ Անտոնյանը Շաքիրի նամակները հրատարակելիս տեղյակ չէր, որ դրանց հեղինակը Շաքիրն է եղել։ Թերզյանն Անտոնյանին հարցնում է, թե ինչո՞ւ չի նշել, որ «Ջեմալ բեյին գրված երկու նամակների հեղինակը Բեհաեդդին Շաքիրն է»։ Անտոնյանը պատասխանում է. «Իմ գրքի հրատարակման ժամանակ չգիտեի, որ այդ նամակները Բեհաեդդին Շաքիրին են պատկանում»։ Այդ պատճառով իր գրքում նշում է. «(Նամակները) կնքվել էին մի ստանդարտ դրոշմանիշով, ամենայն հավանականությամբ կուսակցության՝ Ստամբուլի կենտրոնական կոմիտեի անդամներից մեկի դրոշմանիշն էր դա»։ Անտոնյանն իր գրքի հրատարակումից ամիսներ անց է միայն տեղեկանում, որ ստորագրությունը պատկանում է Շաքիրին. նա դրա մասին իմանում է, երբ գնում է Բեռլին՝ Թալեաթ փաշայի սպանության դատավարությանը մասնակցելու։ Այնտեղ իրեն հանձնված պարբերականների շարքում կար «Սաբահ» օրաթերթից արված մի թարգմանություն։ «Սաբահում» նշված էր, որ գրքում տպագրված նամակները պատկանել են Բեհաեդդին Շաքիրին, և վերահրատարակել դրանք։ Ստամբուլում տպագրվող «Սաբահին» նամակ գրած Անտոնյանն այդ պարբերականի խմբագրությունից տեղեկանում է, որ նամակի տակ եղող ստորագրությունը պատկանում է Շաքիրին։

Շաքիրի այդ երկու նամակները, ինչպես նաև Թալեաթ փաշային պատկանող որոշ հեռագրերի բնօրինակներ ընդգրկվում են Թեհլիրյանի դատավարության գործի մեջ։ Անտոնյանը նշում է՝ «Փարիզ վերադառնալուց հետո հանդես եկա դրանք ձեռք բերելու 2 նախաձեռնությամբ, սակայն՝ ապարդյուն» և հավելում. «Պետք է որ դեռ այնտեղ լինեն»։ Սակայն հետագա տարիներին բազմաթիվ ուսումնասիրողներ, այդ թվում և` ես զուր ջանքեր էինք գործադրելու Թեհլիրյանի դատական գործի թղթապանակում դրանք գտնելու ուղղությամբ։ Մի անտեսանելի ձեռք այնտեղից հեռացրել էր այդ փաստաթղթերը։

Թուրքական պատմագիտական ընկերությունը 1983 թ. հրատարակեց մի գիրք, որում առաջին հայացքից բավականին համոզիչ թվացող որոշ փաստարկներով ընդգծվում էր՝ թե Նաիմ էֆենդու հուշերը և թե Բեհաեդդին Շաքիրին պատկանող նամակները կեղծ են։ Շաքիրի նամակների կեղծ լինելու վերաբերյալ առաջ քաշված թեզերի մեջ ամենակարևորն այն կետն էր, թե Ադանա ուղարկված նամակն ի՞նչ գործ ուներ Հալեպում, Նաիմ էֆենդու ենթադրյալ աշխատած գրասենյակում։ Քանի որ այդ առարկությունները տրամաբանական ու համոզիչ էին թվում, ուսումնասիրողները նախընտրում էին չօգտագործել Շաքիրի նամակները և մյուս վավերագրերը։ Անտեսվել էր Շաքիրի այն արտահայտությունը, թե 1915 թ. մարտի 3-ին վճռվել է բնաջնջել հայերին։

Ստորագրությունները պատկանում են Բեհաեդդին Շաքիրին

Այլևս հարկ է նորովի անդրադառնալ Շաքիրի նամակներին։ Ես իմ վերջին աշխատության միջոցով ցույց եմ տվել, որ Անտոնյանի կողմից հրապարակված Նաիմ էֆենդու հուշագրությունը և այդ փաստաթղթերը բնօրինակն են։ Իմ ուսումնասիրության ընթացքում հայտնագործել եմ նաև, որ նամակների տակ դրված Բեհաեդդին Շաքիրի ստորագրությունը ևս բնօրինակն է, սակայն այդ փաստը մինչ այսօր չէի հրապարակել։ Այն, որ այդ ստորագրությունները պատկանում են Բեհաեդդին Շաքիրին, կարելի է ապացուցել երկու տարբեր աղբյուրների միջոցով։ Առաջին աղբյուրը «Շուրայը Ումմեթ» թերթն է, որի էջերում տպագրված սյունակներում առկա է Շաքիրի ստորագրությունը, որ համապատասխանում է նամակներում եղած ստորագրության հետ։ Իսկ երկրորդ կարևոր աղբյուրը Միություն և առաջադիմություն կուսակցության փարիզյան մատյաններն են, որոնք թուրքերեն են թարգմանվել 2017 թ., իսկ դրանց բնագրերը, ներառվելով սեղմասկավառակում, կցվել են այդ գրքին։ Այդ գրքում առկա են Բեհաեդդին Շաքիրին պատկանող շուրջ 100 ստորագրություններ։ Այդ մատյաններում հանդիպող Շաքիրի ստորագրությունը համապատասխանում է նամակների տակ դրված ստորագրության հետ։

Այլևս հնարավոր է ապացուցել ոչ միայն այն, որ ստորագրությունները բնօրինակներն են, այլև որ այդ նամակների բնագիր չլինելու վերաբերյալ առաջ քաշված ամենակարևոր թեզերից մեկը ևս (ըստ որի՝ Ադանայի պատվիրակ Ջեմալին ուղղված նամակն ինչ գործ ունի Հալեպում) անհիմն է։ Անտոնյանն իր գրքում հայտնում է, որ պատվիրակ Ջեմալ բեյը նամակներն ստանալուց հետո Ադանայից ուղևորվել է Հալեպ, որտեղ մեծ ջանասիրությամբ աշխատել է՝ հայերի կոտորածների ծրագիրն իրագործելու համար։ Ըստ Անտոնյանի՝ Ջեմալ բեյը հայերի աքսորն ու բնաջնջումը կազմակեևրպելու համար Ստամբուլից ուղարկված և որպես Հալեպի վերաբնակեցման և գաղթականների տնօրեն գործած Շյուքրյու բեյի ամենամեծ աջակիցն է։

Մեր ձեռքի տակ գտնվող մի օսմանյան արխիվային փաստաթուղթ ևս ցույց է տալիս, որ Անտոնյանի հաղորդած այդ տեղեկությունը ճիշտ է։ Ջեմալ բեյն իրոք Հալեպում նշանակվել է Միություն և առաջադիմություն կուսակցության պատվիրակ։ Ջեմալի դեմ պատերազմից հետո դատական գործ է հարուցվել հայերի աքսորի և բնաջնջման հարցում ունեցած դերի հետևանքով։

Բեհաեդդին Շաքիրի նամակում առկա է ևս մեկ կարևոր տեղեկություն։ Շաքիրը նշում է, որ պետությունը բանակի հրամանատարներին և նահանգապետերին կանի անհրաժեշտ պարզաբանում առ այն, թե ինչպես պետք է բնաջնջումն իրականացվի։ Վարչապետարանի օսմանյան արխիվում կան Շաքիրի նամակից 11 օր անց Էրզրում, Վան, Բիթլիս, Էլազըղ (Խարբերդ) և Դիարբեքիր նահանգներին ուղղված երկու տարբեր հեռագրեր, որոնցում նշված արտահայտությունները ցույց են տալիս, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մի հեռագրում հաղորդվում է, թե «Հայերի գործողությունների դեմ ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցների առնչությամբ հարկ է դիմել բանակի երրորդ հրամանատարությանը»։

Այդ նամակները մեզ մատնանշում են հետևյալ փաստի մասին (նամակներ, որոնց բնօրինակ լինելու վերաբերյալ որևէ կասկած լինել չի կարող). Միություն և առաջադիմություն կուսակցության Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել հայերի բնաջնջման վերաբերյալ, և այդ որոշումը կայացվել է 1915 թ. մարտի 3-ին։

Շաքիրը մասնակցե՞լ է Կենտրոնական կոմիտեի ժողովին

Եթե ճիշտ է այն տեղեկությունը, թե 1915 թ. մարտի 3-ին բնաջնջման մասին որոշում է կայացվել, ապա հարկ կլինի մի հանգամանքի վրա ևս կենտրոնանալ։ Անհնար է, որ Բեհաեդդին Շաքիրը մասնակցած լինի Կենտրոնական կոմիտեի այն ժողովին, որի մասին նշում է իր նամակում։ Շաքիրը 1914 թ. օգոստոսից ի վեր չի գտնվել Ստամբուլում։ Նա Հատուկ կազմակերպության գործողությունները համակարգելու նպատակով գնացել էր Էրզրում, սակայն այնտեղ ևս չմնալով՝ Կովկասում ռազմական գործողություններն սկսվելուն պես շրջել էր այդ շրջաններում և կատարել իր պարտականությունները։  Երրորդ բանակի հրամանատար Հաֆըզ Հաքքը փաշայի՝ տիֆից մահանալուց հետո նա փետրվարի 14-ին Էրզրումի նահանգապետ Թահսինի կողմից շտապ կանչվել էր Էրզրում։ Այսինքն՝ 1915 թ. մարտի 3-ին, երբ գրվել էր նամակը, նա գտնվում էր Էրզրումում։

Այդ դեպքում պետք է որ Կենտրոնական կոմիտեի այն նիստի վերաբերյալ, որի մասին հիշատակում է Շաքիրը, իրեն հաղորդված լինի հեռագրի միջոցով։ Մեր ձեռքի տակ բավականաչափ ապացույցներ կան՝ առ այն, որ Ստամբուլի Կենտրոնական կոմիտեն Էրզրումում գտնվող Շաքիրի հետ հաճախ հաղորդակցվել է հեռագրերի միջոցով։  Օրինակ՝ Թալեաթ փաշայի կողմից 1914 թ. նոյեմբերի 26-ին «խիստ գաղտնի» կոդով ուղարկված մի հեռագրում պահանջվում է, որ «Կենտրոնական կոմիտեի հետ… նամակագրական կապ հաստատելու համար Բեհաեդդին Շաքիրն իր նստավայրից Էրզրում կանչվի»։ Շաքիրն, ի պատասխան այդ պահանջի, 1914 թ. նոյեմբերի 29-ին եկել է Էրզրում և հաղորդել, որ պատրաստ է «հրամանին»։ Սխալ չի լինի ենթադրել, որ նա բնաջնջման մասին որոշումն ստացել է նմանատիպ մի հաղորդակցության միջոցով։

Ցանկանում եմ կրկնել այն նախադասությունը, որ գրել էի Նաիմ էֆենդու հուշերի և Թալեաթ փաշայի հեռագրերի բնօրինակ լինելու փաստը հիմնավորելիս. այլևս հնար չի մնացել, որ 1915 թվականի մասին ստի բիզը տոպրակի մեջ պարտակվի։ Պարտադիր է դարձել, որ բոլորը՝ լինեն աջակողմյան թե ձախակողմյան, ազգայնամոլ թե լիբերալ, դադարեն թաքնվել ստերի հետևում և սկսեն ասել՝ «Այո՛, եղբայրս, այս պատմության ընթացքում պատահել են նման վատ բաներ»։

Եթե նրանք սկսեն դա ընդունել, կտեսնեն, որ այսօր երկրի խնդիրների ամենամեծ պատճառը ստի պատի հետևում թաքնվելն է։ Երկրի վաղվա լույսը կախված է անցյալի մթության վրա լույս սփռելուց։

Բեհաեդդին Շաքիրը կենտրոնական դեր է կատարել հայերի բնաջնջման հարցում

Բեհաեդդին Շաքիրը Հայոց ցեղասպանության մասին որոշման կայացման և գործադրման ամենամեծ ճարտարապետներից մեկն է։ Նա 1915 թ. հուլիսի 4-ին մի հեռագիր է հղում Միություն և առաջադիմություն կուսակցության՝ Խարբերդի տեսուչ Նազըմ բեյին։ Այդ հեռագրի նպատակը հայերի աքսորն ու բնաջնջումը համակարգելն է։ Հեռագրում Շաքիրը նշում է. «Այդտեղից աքսորված հայերը զտվո՞ւմ են։ Այն վնասակար անձինք, որոնց վերաբերյալ հաղորդել եք, որ աքսորվելով հեռացվել են, բնաջնջվո՞ւմ են, թե՞ միայն ուղարկվում։ Բացահայտ կերպով տեղեկացրեք, եղբայրս»։

Այդ հեռագիրն ընթերցվել է Ստամբուլում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում և նպաստել, որ Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվի մահվան։

Բեհաեդդին Շաքիրը, որպես Հատուկ կազմակերպության ղեկավար, 1914 թ. օգոստոսին ուղևորվել է Էրզրում՝ այդ հաստատության գործողությունները կազմակերպելու նպատակով։ Կարճ ժամանակահատվածում այս շրջանում իր արած դիտարկումների վրա հիմնվելով՝ նա համոզվում է, որ հայերը բնաջնջվել են, և տարբեր ամսաթվերի Ստամբուլ հեռագրեր ուղարկում, որոնցում նշում է, թե «Պարտադիր Ստամբուլ գալու կարիքն եմ զգում, որպեսզի կարողանամ ավելի օգտավետ կերպով հայտնել իմ պահանջների մասին և տամ այն բացատրությունները, որ հնարավոր չէ թղթի միջոցով հաղորդել»։

Չնայած իր այդ հեռագրերին՝ 1914 թ. կեսերից մինչև 1915 թ. փետրվար նա մնացել է Կովկասում, Արդվին-Արդահան շրջաններում և Հատուկ կազմակերպության միավորումներին ղեկավարել ընդհարումների ժամանակ։ Շաքիրը վերջին անգամ Էրզրում է եկել 1915 թ. կեսերին, և այստեղից հեռագրերի միջոցով կատարված բանակցությունների ժամանակ իր ուղարկած նամակներից հասկացվում է, որ նա համոզել է Ստամբուլի Կենտրոնական կոմիտեին՝ հայերին բնաջնջելու որոշում կայացնելու հարցում։ 1915 թ. մարտի երկրորդ կեսին Ստամբուլ եկած Շաքիրը Միություն և առաջադիմություն կուսակցության Կենտրոնական կոմիտեի հետ քննարկել է, թե ինչպես պետք է իրագործել բնաջնջման որոշումը, և տեղի ունեցած մի շարք ժողովներում հավելյալ որոշումներ են ընդունվել Ցեղասպանության մանրամասների վերաբերյալ։ Բեհաեդդին Շաքիրի ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Արիֆ Ջեմիլի խոսքով՝ երբ Շաքիրը 1915 թ. ապրիլի սկզբին Էրզրում է եկել, դրությունը լիովին որոշակի էր դարձել, և «Տեղահանության մասին որոշումը»՝ կայացվել։

Շաքիրի նշանակությունը և ազդեցությունը չեն սահմանափակվում միայն հայերի բնաջնջման վերաբերյալ Ստամբուլի կենտրոնի կողմից որոշման կայացմամբ։ Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից պարզ է դառնում, որ 1914 թ. դեկտեմբերի սկզբներին Բեհաեդդին Շաքիրի ղեկավարած Հատուկ կազմակերպությունը որոշել է ոչնչացնել Վանի և Բիթլիսի շրջակայքում եղող մի որոշակի հայկական խմբի։ Էրզրումում կայացված և Ստամբուլ հաղորդված այդ որոշման մեջ նշված է. «Թե կենտրոնում և թե շրջակա բնակավայրերում այժմյանից պետք է ձերբակալել այն հայերին, ովքեր ունակ են առաջնորդել անկարգությունները։ Եթե նկատվի, որ հայերը հարձակվում են մահմեդականների վրա, հարկ է նրանց ոչնչացնելու համար իսկույն Բիթլիս ուղարկել…»։

Այդ փաստաթղթի վրա հիմնվելով՝ կարող ենք արձանագրել, որ Բիթլիսում ու Վանում ապրող կասկածելի հայերին բնաջնջելու մասին մի որոշում կայացվել է դեռևս 1914 թ/ դեկտեմբերի սկզբին, Բեհաեդդին Շաքիրի ղեկավարության տակ գործող Հատուկ կազմակերպության՝ Էրզրումի Կենտրոնական կոմիտեի կողմից։

Եզրակացնելով կարող ենք ասել, որ անհնար է Հայոց ցեղասպանությունը հասկանալ, քանի դեռ չի բացահայտվել Բեհաեդդին Շաքիրի՝ այս հարցում կատարած դերը։

Թարգմանեց Մելինե Անումյանը

«Ակօս»