կարևոր
4420 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 22:16
Հասարակություն

«Մեզ հետ խաղում են երկարատև բնաջնջման ծրագրի շրջանակում․ պետք է ունենանք դրան համարժեք ծրագիր»․ կառավարման փորձագետ

«Մեզ հետ խաղում են երկարատև բնաջնջման ծրագրի շրջանակում․ պետք է ունենանք դրան համարժեք ծրագիր»․ կառավարման փորձագետ

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, արդեն 50 օր է՝ Արցախը շրջափակված է, մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ զրկված են իրենց կենսական իրավունքներից։ Նախ ի՞նչ բնութագրում կտաք Ադրբեջանի այս գործողությանը։

- Ադրբեջանի այս գործողությունը 3 խոշոր գործոնների տիրույթում միայն 1 դրվագն է:

Առաջին խոշոր գործոնը Մեծ Թուրանն է: Թուրքիան ցեղասպանության միջոցով արդեն մոտ մեկ դար կառուցում է Մեծ Թուրանը, որի ճանապարհին այս տարածաշրջանում կանգնած է հայությունը։ Թուրքիայի գերագույն նպատակն է հայությանը ֆիզիկապես վերացնել այս տարածաշրջանից, որպեսզի Թուրքիան, որպես գլուխ, միանա Մեծ Թուրանի մարմնին՝ Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, մինչև Չինաստանի ույղուրներ։ Այդ պատճառով 20-րդ դարի սկզբներին իրենք ֆիզիկապես լուծեցին Արևմտյան Հայաստանի հարցը, իսկ հիմա լուծում են Արևելյանինը:

Երկրորդ խոշոր գործոնն անգլոսաքսերի և ռուսների միջև հերթական թեժացումն է, որը միշտ բերում է նրան, որ անգլոսաքսերն ուզում են փակել Ռուսաստանի մուտքը դեպի հարավ, ինչով նպաստում են Մեծ Թուրանի կայացմանը։

Երրորդ խոշոր գործոնն էներգակիրների կայուն և սահուն տեղափոխման ապահովումն է Կենտրոնական Ասիայից Կասպից Ծովով, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ դեպի Արևմուտք։ Սա է ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակը մեր տարածաշրջանում։

-Արցախի շրջափակման հետ կապված ի՞նչ լուծում եք տեսնում։ Ի՞նչ պետք է անենք մենք, մենք ասելով՝ ի նկատի չունեմ ՀՀ իշխանությանը, քանի որ այս իշխանություններն ուզում են հնարավորինս զերծ մնալ Արցախի խնդիրներից։ Խոսքը ժողովրդի, ընդդիմության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, ի վերջո՝ մտավորականության մասին է։

-Ցավով պետք է արձանագրեմ, որ ժողովուրդ երևույթն այլևս գոյություն չունի, որովհետև ժողովուրդ բառը «ժողով» հասկացության ներքո է՝ հավաքում, մեկտեղում։ Մեզ մոտ կա բնակչություն, իսկ բնակչությունն արդեն չի ենթադրում միավորում, հավաք, նպատակաուղղված գործողություն։ Բնակչությունն ամեն մեկն իր կենցաղով ապրող մարդկանց խումբ է։

-Ճիշտ եք, մեզ մոտ ընդհանուր առմամբ իրավիճակին ոչ համարժեք անտարբերություն ու թեթևամտություն է տիրում, բայց կա մի հատված, որը լիարժեք հասկանում է վտանգը, պարզապես չի պատկերացնում, թե ինչպես պետք է դիմագրավել մոտեցող աղետին։ Ի՞նչ լուծում եք Դուք տեսնում և առաջարկում։

-Մենք մի շանս ունենք՝ Արժանիների (ինձ համար դա ՀԱՅԵՐՆ են) համախմբումը։ Ճիշտ է, նրանք սակավաթիվ են, բայց պետք է կամային հատկություն ցուցաբերեն, համախմբվեն կոնկրետ ծրագրի շուրջ և ուղղակի պարտադրեն իրավիճակի փոփոխութուն։ Կամային հատկություն ունեցողները, որոնք ունեն ազգային արժեհամակարգ, պետք է մեկտեղվեն, համախմբվեն և նպատակաուղղված սկսեն պարտադրել փոխել իրավիճակը։ Ի դեպ, ասեմ՝ դա մեր միակ շանսն է։

Մենք պետք է դադարենք կետային խնդիրների հետևից գնալ և պահի տակ արձագանքել։ Մեզ հետ խաղում են երկարատև բնաջնջման ծրագրի շրջանակում, մենք էլ պետք է ունենանք դրան համարժեք ռազմավարական ծրագիր, որն այդ միտումները կկասեցնի։

-Ստեղծված պայմաններում ի՞նչ պետք է անի Արցախը։ Արդյո՞ք Արցախն ունի այդ ռեսուրսը՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական ագրեսիային, աշխարհի անտարբերությանը, Հայաստանի իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքին և խորացող հումանիտար ճգնաժամին։

-Ընդհանրապես հայությունը դարավոր պարտք ունի վերադարձնելու արցախահայությանը։ Արցախը դարերով մեր տարածաշրջանի հայկական միջնաբերդն է հանդիսանում, բայց այսօր, ցավոք, մենք չենք կարողանում Արցախի կոչին արձագանքել։ Այն, ինչ հիմա անում է Արցախը, հերոսություն է։ Եթե հայության գոնե 10 տոկոսն աներ այն, ինչ անում է Արցախը, մենք նման խնդիրներ չէինք ունենա։ 120 հազար հայ անում է գերբնականը, և նրանց չսատարելը դավաճանություն է հայության կողմից։

Եթե շարունակենք, մեղմ ասած, անտարբեր վերաբերվել Արցախի ճիչին, Արցախը կվերանա, և շատ արագ կվերանա նաև Հայաստանի Հանրապետությունը։ Երրորդ փուլը կլինի այն, որ Սփյուռքում գտնվողները 3 սերունդ հետո կուծացվեն, և հայը երկրագնդից կվերանա։

Հիմա պետք է կատարել այն քայլերը, որոնք արվել են, օրինակ, 1918-ի մայիսին կամ այն, ինչ արվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Չեմ ուզում գնալ պատմության խորքերը։ Մեր հազարամյա պատմության մեջ եղել են դրվագներ, երբ կարողացել ենք խնդիրները լուծել։ Բայց այսօր մենք գնում ենք կործանարար ճանապարհով։

-Որտե՞ղ են էլիտաները, առաջնորդները, ովքեր իրենց ուսերին պետք է բեռ վերցնեն ու փոխեն այդ վտանգավոր ընթացքը։

-Որտե՞ղ էր մեր էլիտան 1915-ին և մինչև 1915-ը։ Այդ նույն տեղում էլ գտնվում է այսօրվա էլիտան։ Ես նրանց բնութագրում եմ այսպես․ «Բեմում՝ առաքյալ, պաշտոնում՝ խաչագող, կյանքում՝ անասուն»։ 1915-ի թիվ 1 մեղավորը մեր էլիտան է, հետո նոր՝ թուրքը։ Նույնն էլ՝ հիմա։

-Աշխարհում պայթյունավտանգ իրավիճակ է, չի բացառվում 3-րդ համաշխարհային պատերազմը։ Աշխարհը վերադասավորվում է, և մեր թշնամիներն՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ամրացնում են իրենց դիրքերը։ Ի՞նչ է անում Հայաստանը։

-Թուրքիան, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, գործում է հմուտ քաղաքականության ծիրում։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ նա առաջնորդվում է իր շահերով՝ ի տարբերություն Ցամաքային Եվրոպայի, որը լրիվ կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Թուրքիան երբեք չի տանում հակառուսական կամ հակաարևմտյան քաղաքականություն, փոխարենն աշխատում է ռուսների և անգլոսաքսերի հակասությունների վրա։ Այդպես եղել է 100 տարի առաջ, այդպես է  հիմա։

-Եվ դա է նրա հաջողության բանալին։

-Այո։ Իսկ մե՞նք ինչ ենք անում։ Վարում ենք հակառուսական քաղաքականություն, որը մեր վզին փաթաթել են անգլոսաքսերն իրենց գրանտալափների միջոցով։

Մենք պետք է շատ զգոն լինենք, քանի որ մեր տարածաշրջանն ամենազգայունն է։ Հենց այնպես չէր, որ 1915-ի Ցեղասպանությունը եղավ առաջին Աշխարհամարտի ժամանակ։ Կամաց-կամաց ես ավելի եմ բարձրաձայնում, որ նոր ցեղասպանություն է սպասվում մեր գլխին։ Անգլոսաքսոնական գրանտալափները թքած ունեն, բնակչությունը թքած ունի, մտավորականությունը թքած ունի։

-Պարոն Մեսրոբյան, ակնհայտ է, որ այս իշխանությունը սպասարկում է անգլոսաքսերի և Թուրքիայի շահերը։ Եվ քանի դեռ մեր երկրի ղեկն այս իշխանության ձեռքին է, մենք ի՞նչ կարող ենք անել։

-Այս ուժերին իշխանության են բերել ոչ միայն անգլոսաքսերը, այլև 2018-ին հանիրավի ոգևորված բնակչությունը։ Հիմա շատ մոդայիկ է դարձել ամեն ինչ բարդել իշխանության վրա։ Ամենևին չվիճարկելով իշխանությունների մեղքը՝ մենք պետք է հասկանանք Հովհաննես Թումանյանի խոսքերը․ «Ներսից է լիելու փրկությունը, որովհետև մենք ներսից ենք փչացած»։ Սա ասել է մեծ լոռեցին դեռևս 1 դար առաջ։ Իշխանություններն իրենց ճակատագրական մեղքի բաժինն ունեն, բայց երբ դժգոհողներն իրենց մեղքը չեն զգում և գցում են միայն իշխանության վրա, ենթագիտակցաբար իրենցից մեղքը թոթափում են։ Դա անբարոյական է։ Եվ այսօր մեր բնակչությունն իր գործողություններով կամ անգործությամբ նպաստում է թուրքերի ռազմավարական ծրագրերի իրագործմանը։ Առաջին մեղավորը մենք ենք, հետո նոր՝ Թուրքիան։

Իրավիճակը փակուղային է։ Նման իրավիճակ էր նաև 1909-ին, երբ դրանից 1 տարի առաջ նաև հայ մտավորականների օգնությամբ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերն եկան իշխանության, տեղի ունեցան Ադանայի ջարդերը, իսկ հետո՝ Ցեղասպանությունը։ Փաստորեն մեր աչքի առաջ 2018-ից ջարդում են Արցախը։ Հետո 100%-ով կրկնվելու է Ցեղասպանությունը։

-Բանակում օրեր առաջ տեղի ունեցած մեծ ողբերգությունը, որին զոհ գնացին 15 զինծառայողներ, ցնցեց հասարակությանը։ Հատկապես վրդովեցուցիչ էր այն, որ ժողովուրդն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է կատարվել իրականում, քանի որ իրարամերժ հայտարարություններ հնչեցին։ Դուք հավատո՞ւմ եք տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական վարկածին։

-Ոչ մի պաշտոնական վարկածի ես չեմ հավատում և ունեմ դրա համար հիմնավոր կասկածներ։ Ես միայն գիտեմ, որ նոր իշխանությունները փորձում էին բանակը կերակրել ելակով, և ստացանք այն, ինչ ունենք։

Այստեղ նորից ուզում եմ հիշեցնել, թե ինչ հրճվանք էր ապրում մեր բնակչությունը, երբ հայտարարվեց, որ բանակին ելակ են մատակարարելու։ Այսինքն, այսօրվա վիճակը մեր փչացածության և անխելքության հետևանքն է։

 -Պարոն Մեսրոբյան, ի՞նչ փուլում է Ձեր կողմից արդեն երկուսուկես տարի մշակվող «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագիրը, և որքանո՞վ է հավանական դրա իրագործումը։

-Այս ողջ ժամանակահատվածում ծրագրի բոլոր 10 բաժինները մշակվել են և անցել փորձագիտական զննում ՀՀ-ից և Սփուռքից մի քանի տասնյակ փորձագետների կողմից։ Հիմա ընթանում է 10 բաժինների համակցման փուլը, որպեսզի Ծրագիրն ամբողջանա և դառնա համակարգված և կիրառելի։ Այս տարվա ընթացքում մենք կաշխատենք ավարտել համակցման փուլը, որից հետո մի քանի ամսվա մեջ մշակվելու են անցումային դրույթները, որպեսզի ցանկացած պահի ծրագիրը հնարավոր լինի կիրառել։

Վստահ եմ, որ այս ծրագրով հնարավոր կլինի մահացու ճահճից դուրս գալ։

Ասեմ, որ առաջին անգամ հայությունն իր 5000 տարվա պատմության ընթացքում ունենալու է համապարփակ ծրագիր, որը հնարավորություն է տալիս դուրս գալու վտանգավոր իրավիճակից և սկսելու համակարգված ու ծրագրավորված զարգանալ թե՛ որպես երկիր և թե՛ որպես հայություն։

Ինչ վերաբերում է Ծրագրի իրականացնողներին, ապա նրանք պետք է լինեն միայն Արժանիները։ Դա վերացական հասկացություն չէ: Ծրագրում ներկայացված են 6 խումբ չափելի չափորոշիչներ, մասնավորապես՝ բարոյական, մտավոր, կամային, ազգային և այլն, որոնք կրող անձինք պետք է կառավարեն այս գործընթացը։

Մշակված են նաև ընտրասերման և պետական պաշտոններին նշանակման չափորոշիչները, ապագա Հայոց երկրի պետական կառուցվածքը, ընդհուպ՝ հաստիքացուցակը։ Ահա ա՛յդ խորությամբ է Ծրագիրը մշակվում։ Եթե գան Արժանիները, ապա կունենան այն հիմքը, ի դեմս մշակվող «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի, որով երկիրը կարելի է փրկել գահավիժումից և ապահովել հարատև զարգացում և հզորացում։

Աղբյուրը՝  ankakh.com