կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 11:05
Աշխարհ

Ժամանակն է՝ Թուրքիան ստանձնի պատասխանատվություն հայերի համակարգված բնաջնջման համար. Փալոնե

Ժամանակն է՝ Թուրքիան ստանձնի պատասխանատվություն հայերի համակարգված բնաջնջման համար. Փալոնե
Միացյալ Նահանգները մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և պետք է անի հնարավոր ամեն ինչ ՝ կանխելու և դադարեցնելու ներկայիս վայրագությունները. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց Ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանության պաշտոնական ընդունումը հզոր հիշեցում է այն մասին, որ մենք թիկունք չենք դարձնի իրականությանը, մենք գիտենք, որ մարդկության դեմ հանցագործությունը եղել է։ Այսօր կանգնած ենք այստեղ ՝ հարգանքի տուրք մատուցելու այս սարսափելի պատմության զոհերին, տոկունության կոչ անելու վերապրածների ժառանգներին, որոնք շարունակում են ամրապնդել մեր երկիրը: Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1.5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Բանաձևը չի կարող վերացնել այն սարսափը, որը կրել են զոհերը, կամ ցավը, որը կրում են նրանց սերունդները, բայց մենք պետք է անկեղծ խոսենք անցյալի մասին, որն ուղղակիորեն կապված է ապագայի նկատմամբ մեր բարոյական պատասխանատվության հետ»,- ասել է Փալոնեն։
 
Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, քրդերի սպանությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի ձեռքով, անընդունելի է:
 
«Եվ ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ստանձնի պատասխանատվություն անցյալ դարում հայերի համակարգված բնաջնջման համար և պարտավորվի պաշտպանել մարդկային յուրաքանչյուր կյանքի արժանապատվությունը»,- շեշտել է Փալոնեն։