|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոյի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի երեկոյին մեզ իր ներկայությամբ կպատվի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը: Զարմանալի չէ, որ նախորդ ամիս պատմություն կերտած վարչապետի՝ հայկական հարցը հիշելու ու առաջ մղելու հանձնառությունը շարունակում է լինել ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Մելանի Օ՛Բրայանը:
Մարտին ավստրալահայ գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տոնել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում:
Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականից: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին Բերեջիկլյանին: