Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ'Դեան։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:
Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը նշանակալի ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում, ինչն իր հերթին նպաստում է հանրապետության անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման համընդհանուր արժեքների հավատարմության հիման վրա: Այս համատեքստում Արցախի արտգործնախարարն անդրադարձ է կատարել հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացին։
Հանդիպման մասնակիցների խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակի ստեղծումը՝ համոզմունք հայտնելով, որ այն նշանակալի դերակատարություն կունենա Արցախի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։