կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 17:20
Հասարակություն

Ընդամենը ասֆալտին ենք փռել. Դանիելյանը` #sutNikol նախաձեռնության մասին

Ընդամենը ասֆալտին ենք փռել. Դանիելյանը` #sutNikol նախաձեռնության մասին

#sutNikol» նախաձեռնության անդամներին մեղադրում են 172.2. հոդվածով, այն է` հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը: Այդ մասին լրագրողներին հայտնեց  նախաձեռնության համակարգողներից Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Հոդվածը պատասխանատվություն է ենթադրում հանրային նշանակության գույքը ոչ նպատակային օգտագործելու համար: Բայց մենք ոչ թե ասֆալտի, այլ ճաքճքած ասֆալտի վրա ենք գծանշումներ կատարել: Ընդ որում` գործողությունն իրականացրել ենք առավոտյան ժամը 6-ին, որ որևէ մեկին չանհանգստացնենք, խցանումներ չլինեն:  Մեզնից հետո դեռևս անհայտ անձինք եկել ու մեր գրածը ներկել են սպիտակ ներկով, ու եթե մենք վարչական խախտում ենք թույլ տվել, ուրեմն նրանք էլ են թույլ տվել: Ինձ հետաքրքիր է` որևէ մեկին նույն ձևով բերման ենթարկե՞լ են մինչ այժմ:  «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներին, որ կաթողիկոսի հասցեին նմանատիպ գրաֆիտիներ էին անում, պատասխանատվության կանչե՞լ են: Կամ` երբ «Մերժիր Սերժին» էին գրում ու ոչ թե ասֆալտին, այլ շինությունների պատերին, մտածո՞ւմ էին այդ մասին»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ անդրավարտիքով արագաչափերը փակելու ու պետական հատուկ պահպանության օբյեկտ ներթափանցելու, այնտեղ դուռ ջարդելու համար (Հանրային ռադիոն նկատի ունի.- խմբ) մարդիկ չեն պատժվում, բայց իրենց, չգիտես, թե ինչ հիմքով, ոստիկանություն են տանում:

«Ինձ համար անձնական ողբերգություն կլինի, որ, օրինակ, Դանիել Իոաննիսյանն ինձ սատարի: Դա կնշանակի, որ ես ինչ-որ բան սխալ եմ արել: Այդ մարդիկ` Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը, իշխանության արբանյակներն են, ու մենք նրանց աջակցության կարիքը չունենք»,- ասաց նա:

Նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանն էլ նշեց, թե, նրանց իմանալով, ասֆալտը երթևեկելու ու «փռելու» համար է նախատեսված: «Իրավապահները պետք է ապացուցեն` մենք այդ երկու գործառույթներից դուրս ի՞նչ գործառույթ ենք իրականացրել: Ըստ էության` մենք փռել ենք ասֆալտին, այսինքն` հանրային նշանակության ասֆալտը ծառայել է իր նշանակությանը»,- կեսկատակ-կեսլուրջ մեկնաբանեց նա: