Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործվել է ցեղասպանական գործողություն։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, որը գյուղ էր ժամանել ողբերգությունից երկու օր անց, Մարաղան կոչել է ժամանակակից Գողգոթա: Ականատեսների վկայություններով` ադրբեջանական ջոկատներում յուրաքանչյուր տասներորդը զինված էր ոչ միայն հրազենով, այլև յաթաղանով՝ 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք դահիճների հիմնական զենքով։
«Ապրիլի 9-ի գիշերը ադրբեջանցիները սկսում են հրետակոծել Մարաղա գյուղը, իսկ արդեն ամսի 10-ի առավոտյան մտնում են գյուղ: Գյուղը պաշտպանված էր 60 հոգու կողմից` գյուղի երիտասարդությունն էին: Նրանք ինքնապաշտպանական ջոկատներ էին կազմել և, տեսնելով, որ իրենք չեն կարողանալու բնակչությանը պաշտպանել, բնակչության հետ որոշեցին դուրս գալ: Այդ օրերին Մարաղայում ապրում էր ավելի քան 4.5 հազար հայ: Ժողովուրդը դուրս եկավ, բայց բնակչության փոքրաթիվ մի հատված չհասցրեց դուրս գալ, իսկ հաջորդ օրը, երբ հայ ջոկատայինները վերադարձան` ազատագրելու Մարաղան, նրանք տեսան, որ փողոցները լցված են տանջահար և վառված դիակներով: Ասում են, որ 60-ից մինչև 100 հոգի զոհվել է, 60 հոգի գերեվարվել, նրանցից միայն կեսն է փոխանակվել, իսկ մնացածի ճակատագիրը մինչ օրս անհայտ է: Իսկ փոխանակվածների մեծ մասը 1-2 տարուց մահացավ: Հայերը կարողացան ազատագրել Մարաղան, բայց արդեն ապրիլի 27-28-ի կողմերն ադրբեջանցիները 1000-ից ավելի զինվորով նորից ներխուժում են Մարաղա և բռնազավթում, որտեղից Մարաղայի ժողովուրդը ստիպված է լինում տեղափոխվել Ակնի հարակից մի գյուղ, որտեղ հիմնվում է Նոր Մարաղան: Ի դեպ, զոհվածների, գերեվարվածների և անհայտ կորածների թվում հիմնականում կանայք են, երեխաներ և ծերեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ նշելով, որ այսօր մեր խաղաղության ալգորիթմը պետք է փոխվի, որպեսզի ոչ միայն կասեցվի նման ոչնչացումը, այլև անհրաժեշտության դեպքում համարժեք հակադարձում լինի:
Հավելենք, որ Մարաղան հիմնադրվել է հնագույն հայկական բնակավայրի տեղում, իսկ 19-րդ դարակեսին այստեղ են տեղափոխվել հայ վերաբնակիչներ Պարսկաստանից։ 1989 թվականի մարդահամարի համաձայն՝ Մարաղայում ապրում էր մոտ 6,5 հազար մարդ, այդ թվում՝ ջարդերից փրկված և բռնի տեղահանված մի քանի հայ ընտանիքներ Սումգայիթից, Բաքվից և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերից։
Պատմական գիտությունների դոկտոր Գայանե Մախմուրյանը, Մարաղայի դեպքերը որակելով որպես ցեղասպանություն, շեշտեց, որ պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի:
«Երբ այսօր մեզ ասում են, որ պետք է պատրաստվել խաղաղությանը, պետք է հիշել, որ, հին Հռոմից սկսած, ասում էին՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Եվ սրա մեջ գրեթե կատակ չկա, որովհետև մենք չենք կարող հոգեպես զինաթափել մեր հասարակությանը, մինչև վստահ չլինենք, որ դիմացինը պատրաստ է մեզ հետ խոսել առանց բռնության, որ կարող ենք վստահել նրա ամեն մի խոսքին, որ նա իսկապես ուզում է խաղաղության մեջ ապրել: Այսօր մեր դիմացինը պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է կամ պատրաստվում է խաղաղության, ինչը մենք այսօր չենք տեսնում: Ինչո՞ւ: 1988-ից սկսած, Հայաստանի զուտ քաղաքական քայլերին ի պատասխան, մեզ պատասխանել են Սումգայիթով, Մարաղայով, բռնություններով, իսկ միջազգային իրավունքի համաձայն՝ այն բռնությունը, որն ուղղված է ազգային, ռասայական կամ կրոնական խմբի կամ տարրի դեմ, կոչվում է ցեղասպանություն: Այստեղ կարևոր չէ զոհվածների թիվը, նույնիսկ չի պահանջվում ուղիղ բռնություն, այլ ցանկացած գործողություն, որն ուղղված է այս խումբը մասնակի կամ ամբողջությամբ քանդելուն, միջազգային իրավունքի տեսանկյունից, ցեղասպանություն է»,- ասաց նա:
Ըստ պատմաբանի` միջազգային ցեղասպանագիտությունն առանձնացնում է ցեղասպանության մի քանի տեսակներ: «Առաջին՝ խմբին վախեցնելու համար, երկրորդ՝ պատանդների պահելու մարտավարություն, երբ փոքր խմբին ոչնչացնում են, որպեսզի մեծը հետ կանգնի իր քաղաքականությունից, պահանջից և զգուշանա, որ իր հետ էլ կլինի նույնը: Եվ կա Մարաղայի դեպքը, երբ ցեղասպանական գործողությունը չի հանդիպում դիմադրության, չի ստանում համապատասխան պատիժ, իսկ, ցավոք, պատժից բացի, ուրիշ ձև չկա: Հնարավոր չէ, որ այն մարդուն, որը քեզ ուզում է ոչնչացնել, համոզես, որ դու լավն ես, և նա քեզ թող չսպանի, քո երկրին չտիրի: Նման հնարավորություն չկա: Այս դեպքում, եթե նա չի ստանում պատիժ և չի զսպվում, առանձին գործողությունը դառնում է գործընթաց: Եվ այսօր մենք գործ ունենք ադրբեջանական պետության հետ, որը ցեղսապան քաղաքականություն է վարում»,- ասաց Գայանե Մախմուրյանը:
Ըստ պատմաբանի՝ միջազգային հանրությունը հենց ինքը չի սիրում միջազգային իրավունքը, այն միայն ուժով է ապահովվում: «Միջազգային իրավունքը գործում է միայն այն դեպքում, երբ դու այդ իրավունքն ապահովում ես քո ուժով: Քաղաքականությունը միայն ուժն է սիրում: Թուրքիան, որ Երևանից 60 կմ հեռու իր սահմանն է պահում, սա ոչ մի այլ բանով ապահովված չէ, այլ միայն նրա ուժով: Ոչ ոք չի ժխտում, որ սա ռազմական գրավում է, 1918-1920 թվականներին Թուրքիան որևէ պատմական փաստարկ չէր բերում, այլ ասում էր՝ իմ պաշտպանական և ռազմական կարիքների համար պետք են այսինչ դիրքերը, և ոչ ոք նրան չէր ասում, թե սխալ է, որ պիտի հեռանա: Մենք պետք է հասկանանք, որ միջազգային իրավունքը կարող ենք օգտագործել այնքան, ինչքան այն ապահովում ենք նաև նյութապես: Եթե միայն գնանք, խնդրենք հենց նույն Արևմտյան Հայաստանը, գնա խնդրի, բայց լավագույն դեպքում դու ստեղծում ես քեզ վրա հարձակվելու առիթ, «կազուս բելի», քանի որ Թուրքիան կասի՝ չէ՞ որ ՄԱԿ-ը ճանաչում է իմ սահմանները, և կստանանք հարձակում: Միջազգային իրավունքը լավ բան է, և մենք 1988-ից միջազգային իրավոնւքի շրջանակում ենք գործում, բայց եթե ամբողջ ժողովուրդը, աշխարհի հայությունը ոտքի չկանգներ, այդ իրավունքը մեզ չէր փրկի, եթե միայն մեր Կենտկոմի մակարդակով նամակ գնար Մոսկվա»,- խոսքն ամփոփեց պատմական գիտությունների դոկտոր Գայանե Մախմուրյանը: