կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 19:12
Իրավական

Կոտայքի մարզի կառավարման տարբեր օղակներում խախտումներ են հայտնաբերվել. մարզպետը դիմել է դատախազին

Կոտայքի մարզի կառավարման տարբեր օղակներում խախտումներ են հայտնաբերվել. մարզպետը դիմել է դատախազին

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով:

Մարզպետի 2019 թվականի հունվարի 29-ի N 14-Ա որոշման համաձայն Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում մի շարք բնագավառներում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես.

• Առևտրի և ծառայությունների բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում վաճառքի թույլտվությունները շատ դեպքերում տրվել են ՀՀ կառավարության 19.07.2007թ-ի N 843-Ն որոշման պահանջների խախտումներով: Խախտվել է նաև «Տեղական տուրքի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջը:
2016 թվականին չի գանձվել 1.972.000 դրամ, 2017 թվականին՝ 2. 388.000 դրամից ավել գումար, 2018 թվականին՝ 2.546.000 դրամից ավել գումար:

• Կրթության բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ երկու մանկապարտեզներում բյուջետային միջոցները համաչափ և արդյունավետ չեն օգտագործվել, իրատեսական չեն եղել ծախսերը: Մի դեպքում մանկապարտեզը տարեկան շուրջ 11 մլն. դրամ գումար ավել է ծախսել (պատճառաբանությունը՝ ծախսվել է ջեռուցման վրա), մեկ այլ մանկապարտեզում աշխատանքային օրենսգրքի խախտումով աշխատակիցներին տրվել են հավելավճարներ:

• Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ իրականացվող հսկողությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը տարբեր ժամանակահատվածներում պայմանագրային հիմունքներով աշխատողներ է ընդունել առանց ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների: Ամեն ամիս համայնքի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 1,3 մլն.դրամ գումար: Ավագանին նման հաստիքացուցակներ չի հաստատել: Խախտվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը: 
Որոշ դեպքերում ավագանու նիստերը տեղի են ունեցել առանց քվորում ապահովելու, որով խախտվել է «Տեղական ինքնակառավարման մարմիների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

• Ֆինանսների բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ 2016-2018 թվականներին համայնքապետարանի կողմից կատարվել է մի շարք ծախսեր, որոնցով խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոշ դեպքերոմ նաև՝ ՀՀ Ֆինանսների նախարարի 10.10.2013 թվականի թիվ 896-Ն հրամանի պահանջները:
Շատ դեպքերում գնումներն իրականացվել են առանց սահմանված կարգով մրցույթներ հայտարարելու:

Համայնքային Ոչ Առևտրային Կազմակերպությունների գործունեության ստուգմամբ արձանագրվել է, որ թույլ են տրվել օրենսդրական և ոլորտը կարգավորող իրավական ակտերի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով համայնքը կրել է խոշոր չափերի հասնող վնաս:

• Հողօգտագործման բնագավառում ստուգմամբ պարզվել է, որ որոշ հողամասերի օտարման ընթացքում թույլ են տրվել մի շարք բացթողումներ՝ խախտվել է ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 3-րդ կետի ա) ենթակետով սահմանված դրույթը՝ համաձայն որի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումը, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրումն իրականացվում է բացառապես հողերի օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակներով օգտագործելու համար:

Արձանագրվել են նաև դեպքեր, որ աճուրդով օտարվել են հասարակական ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող հողատարածքներ. ՀՀ Հողային Օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն այդ հողատարածքները ենթակա չեն օտարման:

• Քաղաքաշինության բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ առկա են անօրինական շինություններ, որոնց վերաբերյալ վարչական վարույթներ չեն իրականացվել:

• Խախտումներ են գրանցվել նաև մշակույթի բնագավառում: Համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի և նոյեմբերի որոշումներով դուրս է գրվել գեղարվեստական, մանկական և մասնագիտական գրականության վերաբերյալ 42022 և 24190 կտոր գիրք:

Խոտանված գրականությունը պայմանագրերով հանձնվել է որպես թղթի թափոն, որից գոյացած 132 000 դրամով գրադարանը ձեռք է բերել ընդամենը 37 կտոր նոր հրատարակված գրքեր: