կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 11:27
Քաղաքական

Ընտրյալներն անպայման պետք է պարգևատրվեն, լի ու լի մարդիկ կան միջին և ցածր օղակներում, կարելի է նրանց պիտակավորել. տնտեսագետ

Ընտրյալներն անպայման պետք է պարգևատրվեն, լի ու լի մարդիկ կան միջին և ցածր օղակներում, կարելի է նրանց պիտակավորել. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ պարգևատրումների այն ձևը, որը իշխանափոխությունից հետո է որդեգրվել, մի քանի առումով խնդրահարույց է. թեմային տնտեսագետն անդրադարձել է Tert.am-ի հետ զրույցում:

Առաջինը, ըստ նրա՝ իրավականն է. 2014թ. ՀՀ-ում ներդրվել էր պետական ծառայողների վարձատրության միասնական համակարգ, որով նախկինում առկա խնդիրները փորձ էր արվել լուծել:

«Ամենաբարձր պատասխանատվություն և ծանրաբեռնվածություն ունեցող պետական պաշտոնյային ավելի բարձր աշխատավարձ էր հասնում և այդպես նվազում էր աշխատավարձը համամասնորեն մինչև կրտսեր պաշտոնյա: Եվ այստեղ՝ որպես խթանիչ գործիք, ներդրվել էր պարգևատրումների ինստիտուտը: Հստակ օրենքով սահմանված է, որ պարգևատրումները տրվում են պետական ծառայողին որակյալ աշխատանքի, հատուկ առաջադրանքներ կատարելու համար: Այսինքն՝ օրենքում որևէ հիմք չեք գտնի, որ պարգևատրում ուղղակի տրվում է՝ որպես աշխատավարձին հավելում կամ պարգևատրում տրվում է որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ բարձրաստիճան պաշտոնյա լինելու համար: Պարգևատրման օրենքով սահմանված հիմքերը շատ հստակ են՝ դրանք պետք է ունենան խթանիչ նշանակություն»,- ասաց տնտեսագետը:

Նրա վստահեցմամբ՝ միջազգային պրակտիկայում չկա որևէ արդյունավետ վարձատրության համակարգ, երբ պարգևատրումը հավասարեցված է և որպես աշխատավարձ վճարվում է:

«Պարգևատրումը և նկատողությունները՝ կարգապահական պատասխանատվության միջոցները, դրանք ամենակարևոր գործիքներն են արդյունավետություն խթանելու համար: Այսինքն՝ պաշտոնյային պարգևատրում ես լավ աշխատանքի համար: Մյուս գործիքն արդեն նկատողություններն են, աշխատանքից ազատումը, որոնք կարգապահական պատասխանատվություն են ենթադրում: Այսինքն՝ պարգևատրել զուտ նրա համար, որ մարդը զբաղեցնում է մարզպետի, նախարարի կամ նախարարի տեղակալի պաշտոն, այստեղ միանշանակ խախտվում է այդ սկզբունքը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ ոլորտի հիմնական պարտավորությունները ձախողած պաշտոնյաները ստացել են պարգևատրում տվյալ ժամանակահատվածի համար, որովհետև ի սկզբանե նախատեսված են եղել կայուն պարգևատրումներ:

«Օրինակ, 2018թ. դեկտեմբերին ընդունված սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքի պահանջով պետք է ավարտված լիներ աշխատանքային գրքույկների թվայնացումը: Էապես կարևոր բարեփոխում, որը մեկնարկել էր դեռևս 2016թ.: Օրենքով սահմանված ժամկետում աշխատանքը չկատարվեց և ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները այդ ամիսների համար նորից նույն չափով, նույն ձևով ստացան պարգևատրում»,- նկատեց նա:

Մյուս օրինակը վերաբերում է զբաղվածության ոլորտի պետական ծրագրերի ձախողմանը: 2018թ. ծրագրերի 75 % թերակատարում է, 2019թ.՝ 50 %, և ոլորտի պատասխանատուները պարգևատրվել են:

«Վարչապետը զարմացած ասում էր՝ դպրոցական աշակերտի որակի փաստաթուղթ է հասել կառավարություն: Զարմացա, որ դրանից հետո չեղան նկատողություններ այդ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Եվ շատ ավելի զարմացա, երբ իմացա, որ նորից նույն ձևով պարգևատրումներ են ստացել: Կրտսեր մասնագետը, եթե նույնիսկ դպրոցական մակարդակի փաստաթուղթ է պատրաստում, մինչև վարչապետին հասնելը մի քանի լրջագույն խողովակներով և հաստատումներով է այն անցնում»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը:

Թադևոս Ավետիսյանը նշում է, որ պետական հատվածում աշխատավարձի բարձրացումը իշխանությունների նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր: Դրա համար, ըստ նրա՝ կա պարզ մեխանիզմ՝ բազային աշխատավարձը բարձրացվում է, որը սակայն 2018-2019թթ. չի բարձրացել, 2020թ. բյուջեով նախատեսված չէ, որ պետք է բարձրանա: Ավելին՝ մինչև 2022թ. բազային աշխատավարձի բարձրացում միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված չէ:

«Եթե բազային աշխատավարձն են բարձրացնում, որը օբյեկտիվ ճանապարհն էր, որպեսզի համաչափ բարձրանա ամբողջ համակարգի վարձատրությունը: Եթե ամբողջական բարձրացում լիներ ողջ համակարգի համար, այլ ոչ թե ընտրողաբար, անհամեմատ ավելի շատ միջոցների պետք տրամադրվեր, մի քանի անգամ ավելի, քան այդ տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները: Այսպիսի պարագայում իրենք կարողանում են պարգևատրման անվան տակ միայն իրենց ընտրյալներին, իրենց շրջանակին և ոչ թե 10, 20 տոկոս, այլ միանգամից կրկնապատկում են աշխատավարձը: Այսինքն՝ այստեղ «քիչ գումարներով» մեծ էֆեկտ, լի ու լի հայեցողություն, ճկունություն կա»,- ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ միայն ղեկավար կազմին բարձր աշխատավարձով ապահովելը չի կարող կառավարման արդյունավետությունը բարձրացնել, քանի որ պետական հատվածում արդյունք ստեղծում են հավաքական ուժերով. «Արդյունքը ստեղծվում է ներքևից վերև, և պետք է ամբողջ շղթան ճիշտ աշխատի»:

«Բայց իշխանություններն այլ լուծմամբ են առաջնորդվել՝ մի քանի անգամ քիչ գումար ծախսելով այդ գումարներով կրկնապատկել բարձրաստիճանների՝ ընտրյալների աշխատավարձը: Այն դեպքում, երբ պարբերաբար ձախողումներ են արձանագրվում, մեղադրվում են միջին և ստորին չինովնիկները: Սկզբում նրանց պիտակավորեցին «սուրճ խմողներ», հետո «հեղափոխությանը հակադրվողներ» և այլն: Այսինքն, եթե պարգևատրման հարց կա, ուրեմն բարձրաստիճաններն անպայման պետք է պարգևատրվեն, որովհետև իրենք մեկ թիմ են, մեկ կուսակցություն, իսկ եթե խնդիր կա մեղադրելու, լի ու լի մարդիկ կան միջին և ցածր օղակներում, կարելի է նրանց պիտակավորել:

Վտանգավոր միտում կա այստեղ, այսպիսի մոտեցման հետևանքով ձախողված շատ փորձեր կան տարբեր երկրների և համակարգերի: Այսպիսի մոտեցմամբ համակարգը հակադրվում է իր ներսում, այսինքն՝ այդ հակադրումը չի կարող երբեք ու երբեք արդյունավետ աշխատանքի միջավայր ունենալ, դա բացառված է: Այս անարդար բաշխումը չի կարող անարձագանք մնալ»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: