Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կանանց միամսյակի առիթով «Ապառաժ»-ը հարցազրույց է ունեցել «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանի եւ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոմելա Դադայանի հետ: Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած ԱԺ լիագումար նիստում խորհրդարանը 22 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է երկու կին պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մի շարք փոփոխություններ են կատարվել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում: Մնացականյանի եւ Դադայանի կողմից մշակված մի շարք փոփոխություններից մեկը՝ Մարտի 8-ը աշխատանքային օր սահմանելը, բուռն քննարկումների տեղիք է տվել ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հասարակության շրջանում: Ինչու՞ են կին պատգամավորները հանդես եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ, որքանո՞վ են Արցախում պաշտպանված կանանց իրավունքները, արդյո՞ք պետք է աղջիկները ծառայեն բանակում, եւ ո՞րն է հայ կնոջ առաքելությունը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք կին պատգամավորների հետ:
– Ի՞նչն էր դրդապատճառ հանդիսացել օրենսդական փոփոխություն կատարելուն:
Ռոմելա Դադայան. Կանանց երկու տոն ունենք. Մարտի 8-ը՝ որպես միջազգային տոն, որում պարփակված են կնոջ՝ հասարակության լիիրավ անդամի, գենդերային հավասարազոր իրավունքների, աշխատավոր մոր եւ դաստիարակի իրավունքներն ու դերերը։ Եվ Ապրիլի 7-ը՝ որպես Սուրբ Աստվածածնի Ավետման տոն՝ հեզության, գեղեցկության, սիրո եւ առաքինության մարմնացում, եւ, որ ամենակարեւորն է, քրիստոնեական տոն։
Երկու տոններն էլ սուրբ են, երկուսն էլ նշում ենք, սակայն մեկ ամսվա ընթացքում երկու տոնական ոչ աշխատանքային օր ունենալը նպատակահարմար չէ։ Այս մտահոգությամբ մենք որոշեցինք լսումներ եւ քննարկումներ նախաձեռնել, ինչի արդյունքում մտահոգությունը՝ օրենքի նախագծի տեսքով ներկայացվեց խորհրդարան, որտեղ ընդունվեց պատգամավորների մեծամասնության կողմից։
Մարտի 8-ն այսուհետ աշխատանքային է: Կինը պայքարել է աշխատանք ունենալու համար եւ հասել է այդ նպատակին: Ճիշտ կլինի, որ նա իր այդ հաղթանակը տոնի աշխատավայրում։ Եվ ցավում եմ, որ մեզ մոտ տոնական օր ասելով հասկանում են միայն որպես ոչ աշխատանքային օր։ Մեծ ողբերգություն ապրել, որ Մարտի 8-ին տանը չմնացինք, Ապրիլի 7-ն էլ կիրակի է՝ հարիր չէ մեզ։ Տոնը խորհուրդ ունի՝ շաբաթվա որ օրն էլ ուզում է լինի։
Մարտի 8-ին կանայք կմեծարվեն աշխատավայրերում, Ապրիլի 7-ին՝ տանը՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի օրհնությամբ։
Ռիտա Մնացականյան. Հասարակության կողմից Ապրիլի 7-ի ընկալման եւ գիտակցության բարձրացման ուղղությամբ մենք շատ աշխատանքներ ունենք անելու:
Այդ տոնի ակունքներում ընկած են նաեւ մեր նախաքրիստոնեական, ազգային տոները։ Հենց այդ ապրիլյան օրերին էր, որ նվիրաբերություններ էին կատարում եւ երկրպագություններ էին անում Անահիտ աստվածուհուն, որը կանացի նվիրվածության, մաքրության ու առաջնության մարմնավորումներ են:
Ապրիլի 7-ը քրիստոնեական եկեղեցու Ավետման տոն է:
Կա եւս մի հանգամանք. Աստված իր որդուն նվիրաբերել է հանուն մարդկության, եւ հայոց պատմությունը բազմաթիվ նվիրաբերությունների օրինակներ ունի: Ապրիլի 7-ը հենց այդպիսի մայրերի տոնն է, որոնք Աստծո եւ Աստվածամոր նման ունակ են իրենց որդուն զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն ազգի։ Այն արցախցի մայրերի փառաբանման տոն է, եւ պետք է դառնա պետական քաղաքականություն: Մշակույթի, կրթության նախարարությունները, քաղաքապետարանը, համայնքապետարաններն ու հիմնարկներն անելիքներ ունեն այդ բնագավառում, քանզի Ապրիլի 7-ի խորհուրդը արժեւորում է անցյալը, իմաստավորում ներկան եւ ուղենիշ տալիս ապագային։
– Որպես կին պատգամավորներ՝ ծանոթ եք Արցախում կանանց նկատմամբ խտրականություններին եւ բռնություններին։ Արցախի օրենսդրությունում ամրագրված է գենդերային հավասարությունը, սակայն կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող օրենք չունենք: Արդյո՞ք չեք մտածում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Ռոմելա Դադայան. Գենդերային հավասարության մասին միշտ ենք բարձրաձայնում, բայց միշտ չէ, որ հասնում ենք առաջխաղացման։ Եթե մայրաքաղաքում ինչ-որ չափով հավասարությունը պահվում է, ապա գյուղերում պատկերն այլ է։ Մատների վրա հաշված համայնքների կին ղեկավարներ ունենք, բայց կինն ունի խոսքի կատարյալ իրավունք, գործելու հնարավորություն եւ գյուղը ղեկավարելու ներուժ։ Այս առումով մենք մեծ անելիքներ ունենք։
Ինչ վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, ապա ասեմ, որ հայ օջախը միշտ էլ պահպանողական է եղել, եւ տղամարդու դերն ու ուժը եղել ու մնալու է առաջնային: Անհամաձայնություն ընտանիքում կլինի, բայց պետք է կարողանալ քաղաքակիրթ ձեւով հարցերը լուծել։ Աղջիկներն ընտանիք կազմելուց առաջ պետք է ճանաչեն ընկերոջը, գնահատեն նրա մեջ մարդուն եւ բնավորության բոլոր գծերը, եւ իրենց հերթին ընտանիքում պահեն չափն ու սահմանը, որպեսզի գործը չհասնի բռնության։ Կինն իր ձին չի կարող առաջ քշել, չի կարելի: Տղամարդն էլ պետք է իմանա, որ դիմացինը մարդ է, իր երեխաների մայրն է եւ որ կնոջ կամքին բռնանալը, ուժ գործադրելը հետամնացություն է եւ անբարոյականություն։ Երբ կա լեզուն, ձեռքը՝ որպես պատժիչ միջոց, միանգամայն անթույլատրելի է: Բայց հայ ընտանիքն այն ընտանիքը չէ, որն այդ բացասական երույթները ցույց կտա դրսում, եւ հայ տղամարդու համար վիրավորական կլինի, եթե կանանց նկատմամբ բռնության հարցը բարձրացվի վերին ատյաններում։ Չեմ կարծում, որ հայ տղամարդու համար սա ընդունելի է, եւ ես համաձայն չէի լինի, եթե կանանց նկատմամբ բռնության խնդիրը հասներ մինչեւ Ազգային ժողով: Երբ կա գիտակցականություն, հարցը Ազգային ժողով հասցնելը ճիշտ չէ։
Ռիտա Մնացականյան. Սահմանադրությամբ ամրագրված են կնոջ իրավունքները, հավասարությունները, պարտականություններն ու ազատությունները, եւ Արցախում կանայք ունեն այն բոլոր իրավունքները, ինչ տղամարդիկ: Ուղղակի այսպիսի մի հանգամանք կա՝ Արցախի խորհրդարանի 33 պատգամավորներից 5-ն են կանայք: Բայց ես չեմ կարծում, որ սա գենդերային անհավասարություն է՝ հետեւյալ պարզ պատճառով. մեր ընտանիքում, աշխատանքում հիմնական ուղղություն տվողը տղամարդն է։ Եվ այնպիսի պետությունում, որտեղ կա անվտանգության խնդիր եւ որի հիմնական գործառույթը կատարում են տղամարդիկ, բնական է, որ հիմնական խոսքը նրանցն է լինելու։ Ինչքան էլ որ մենք ասենք, որ նման ենք Եվրոպային, ճշմարիտ չի լինի, որովհետեւ մեր կանայք մեծարում են տղամարդկանց։
Ես գտնում եմ, որ լինում են շատ խելոք կանայք, որոնք կարող են երկիր ղեկավարել: Մեր հայոց եւ համաշխարհային պատմության մեջ եղել են թագուհիններ, որոնք փոխել են մարդկության պատմության ընթացքը, բայց, այնուամենայնիվ, Արցախում ղեկավարողն առաջին հերթին տղամարդն է, այն խելոք տղամարդը, որը միշտ հաշվի է առնում կողքի կնոջ խելքն ու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ընտանեկան բռնության մասին օրենքին՝ ասեմ, որ Արցախում նման նախագիծ դեռեւս չի քննարկվել, սակայն ես կարծում եմ, որ նման օրինագիծ պետք է ընդհանրապես, քանի որ մարդն իր տեսակով նաեւ կենդանի է եւ բռնությունն էլ նրան հատուկ է։
– 90-ականների պատերազմում կինը հայ զինվորի շարքերում էր։ Այսօրվա եւ գալիք պատերազմներում Պաշտպանության բանակը չունի՞ արդյոք կին զինվորների կարիք։
Ռոմելա Դադայան. Թիկունքում յուրաքանչյուր հայ կին զինվոր է: ՊԲ-ում այսօր էլ կան պարտականություններ, որոնք կինը կարող է տղամարդու փոխարեն կատարել։ Բազում օրինակներ կան, երբ հայ կինը խիզախորեն մասնակցել է պատերազմներին: Այսօր Ստեփանակերտի վարժարանում սովորող աղջիկները վստահորեն կնետվեն մարտի դաշտ, այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի, բայց չեմ կարծում, որ տղամարդկանց համար պատվաբեր կլինի եւ այնքան կթուլանան, որ կնոջը թույլ տան մասնակիցը դառնալ մարտական գործողությունների: Կարծում եմ՝ դա վիրավորական կլինի հայ տղամարդու համար։
Ռիտա Մնացականյան. 90-ական թվականներին կային կանայք, որոնք զենքը ձեռքներին իրենց ներկայությամբ ոգեւորում էին տղամարդկանց։ Եղել են դեպքեր, երբ հենց կինն է իր անձնազոհությամբ եւ համարձակությամբ հաղթահարել անելանելի թվացող մարտերը: Հայոց վաղ պատմության մեջ եւս, Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտերում՝ կանայք գունդ էին կազմում եւ մարտնչում տղամարդկանց հետ միասին:
Այսօր շատ կցանկանայի, որ կինը զենք չվերցներ, որովհետեւ ի վերջո Աստծո կողմից կնոջը տրված պատվիրանների մեջ չէր մտնում զենք վերցնելու ու կռվելու պարտականությունը, սակայն ճակատագրով պատերազմի դատապարտված մեր պատմության մեջ շատ կան նման օրինակներ: Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր ապրելու իրավունքը, ապա կարծում եմ, որ Իսրայելի օրինակով պետք է կարողանանք մեր աղջիկներին գոնե կամավորական հիմունքով սովորեցնել զենք կրել եւ մարտնչել։
Մենք ուրիշ ելք չունենք. Սոսե մայրիկը օրինակելի պետք է լինի մեզ համար: Առաջին հերթին պետք է սկսենք դպրոցներից՝ ավելացնելով նաեւ ռազմագիտության ժամերը, որպեսզի աղջիկները տղաներին հավասար կարողանան զենք կրել: Աստված չտա, որ այդ զենքն օգտագործվի, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք։
– Ո՞րն է կնոջ դերը ընտանիքում, երեխաների դաստիարակության հարցում, պետություն, հայրենիք կերտելու գործում։
Ռոմելա Դադայան. Ամենամեծ դերը հենց կնոջն է։ Կին լինելը միշտ էլ առավելություն է, պարծանք, որովհետեւ կին ասելով՝ մայր ենք հասկանում, իսկ մայրը աշխարհի կարեւորագույն հիմնասյուներից է։ Կնոջն ինչքան շատ մեծարես, այնքան նրա պատիվն էլ կբարձրանա եւ նա իրեն լավ կզգա։ Ինչպես ասում են բանաստեղծական տողերը՝ տղամարդը տան դրսի պատն է, կինը՝ ներսի։ Մեկն առանց մյուսի հնարավոր չէ։ Եթե ղեկը տղամարդու ձեռքին է, ապա մեքենայի մնացած բոլոր մասերը՝ կնոջ։ Երեխաների դաստիրակության, ընտանիքում կարգ ու կանոնի հարցերը եւ մյուս բոլոր խնդիրների լուծումը կնոջ ձեռքին են: Տղամարդն էլ պարտավոր է գնահատել կնոջ այդ ուժն ու ղեկը ճիշտ վարել:
Ռիտա Մնացականյան. Տղամարդն ընտանիքի գլուխն է, կինը՝ վիզը, եւ ապա՝ ընտանիքի կայացման ամբողջ գործիքը կնոջ ձեռքին է: Դաստիարակությունն առաջին հերթին սկսում է ներսից, եւ կնոջից է կախված, թե ծառն ինչպիսի պտուղներ կտա:
Զրուցել է Լուսինե Թեւոսյանը