կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 16:11
Քաղաքական

Գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավորները` Գյումրիի խնդիրների մասին

Գյումրեցի ՀՀԿ-ական պատգամավորները` Գյումրիի խնդիրների մասին

ԱԺ նիստում քննարկվում է ՀՀ  եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Նաիրա Կարապետյանը նախ նշեց, որ 30 տարի առաջ Գյումրին համարվում էր ծաղկուն և գեղեցիկ քաղաք, այն մշակութային մայրաքաղաք է,  մշակութային մեծ արժեք է իրենից ներկայացնում, և շատ կարևոր է ունենալ բարեկարգ փողոցներ: Այսօր վիճակն այնպիսին է, ըստ պատգամավորի, որ Գյումրիում կան ընդամենը մի քանի բարեկարգ փողոցներ, իսկ մնացածների վիճակն այնքան վատ է, որ տաքսիները չեն երթևեկում այդ փողոցներով, դրանցից են` Աթաբեկյան, Թումանյան փողոցները և էլի մի շարք փողոցներ: «Պետք չէ այստեղ գյումրեցուն թշվառ ներկայացնել, գյումրեցին հպարտ, թասիբով մարդ է»,- հավելեց պատգամավորը:

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ բարեկարգ փողոցները կարևոր են տուրիզմի համար, և որ ներկայումս լուրջ ծրագիր է մշակվում տուրիզմի զարգացման համար: Պատգամավորի համոզմամբ` հիմա պետք է մտածել ոչ թե Գյումրին  արդյունաբերական քաղաք դարձնել մասին, որովհետև դրա ժամանակներն անցել են, այլ` զբոսաշրջային քաղաք, ինչի համար էլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ են հարկավոր:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա, պատգամավորի հաշվարկով, կլինի 1000-ից ավելի աշխատատեղ: Ավելին` Ավետիսյանը կարծում է, որ արհեստավորները կարող են ներգրավվել այս ծրագրուն` նպաստելով Գյումրու բարեկարգման գործընթացին: Նա շեշտեց, որ անցյալ իշխանությունների պատճառով է, որ գյումրեցիները աղքատացան ու արտագաղթեցին, որովհետև հենց այդ իշխանությունների օրոք սեփականաշնորհվեցին Գյումրու բոլոր գործարանները, որոնք ներկայումս չեն աշխատում:

Պատգամավորը վստահեցրեց նաև, որ Գյումրու քաղաքապետարանում բացահայտված են կոռուպցիոն երևույթները, և դա առաջխաղացում է:

Մեկ այլ գյումրեցի` ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ վարկային համաձայնագրի արդյունավետ իրականացման պարագայում Գյումրին կփոխի իր դեմքը` ներկայանալով բարեկարգ փողոցներով ու արտաքին լուսավորությամբ: Պատգամավորի խոսքով` գյումրեցիները երկար են սպասել այս վարկային համաձայնագրին:

«Առիթից օգտվելով` ցանկանում  եմ շնորհակալություն  հայտնել ՀՀ նախագահին այս վարկային համաձայնագրի համար»,- ասաց նա` հավելելով, որ Գյումրու բարեկարգումը կարող է լավատեսություն ներշնչել գյումրեցիներին:

Սամվել Ֆարմանյանը անընդունելի համարեց, որ Գյումրին վերջին տարիներին ասոցացվում էր քրեական դեպքերի հետ, քանի որ Գյումրին այդ բնակավայրը չի եղել ի սկզբանե: