կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-06 16:23
Մշակույթ

Իմ քեռիներից մեկի կինը հայ է. հայկական մշակույթի, պատմության, խոհանոցի մասին շատ եմ լսել

Իմ քեռիներից մեկի կինը հայ է. հայկական մշակույթի, պատմության, խոհանոցի մասին շատ եմ լսել

Ապրիլի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ ուրուգվացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրիոն այսօր հանդիպեց լրագրողների հետ: 

«Բարև Ձեզ, ինչպե՞ս եք»,- ներս մտնելով սրահ՝ հայերենով հարցրեց երգչուհին ու հավելեց, որ մի քանի բառ սովորել է, այդ թվում՝ «բարի երեկոն», որոնք վաղը կաշխատի ավելի լավ արտաբերել: 

Հայերենով, սակայն, երգ չի ներկայացնի, ասում է, որ հարգում է հայկական երգը և չի ցանկանա զգացմունքից կամ պահի ազդեցությունից դրդված վատորակ կատարումով հանդես գալ, խոսքը հատկապես արտասանությանն է վերաբերում: Գուցե, երբ հաջորդ անգամ դարձյալ Հայաստան գա, նախապես որևէ երգի վրա լավ աշխատելուց, լեզվի նրբություններին ծանոթանալուց հետո՝ կատարի: Փոխարենը հետաքրքրվեց` ինչպես է Cambio Dolor-ը թարգմանվում հայերեն ու սկեց երգել. «Փոխում եմ ցավս ազատության»:

Իսկ, առհասարակ, Օրեյրիոն կողմնակից է միայն իր մայրենի լեզվով երգեր կատարելուն և ֆիլմերում դերեր խաղալուն, ինչը չի խախտում: Անգամ այս սկզբունքից ելնելով՝ մերժել է հոլիվուդյան առաջարկները:

«Երբեք նպատակ չեմ ունեցել իմ մայրենի լեզվից բացի, այլ լեզվով դերեր կատարել: Ես առաջարկներ ունեցել եմ Հոլիվուդում աշխատելու, բայց այն ընդունելու ցանկություն չեմ ունեցել: Մի երկրում, որտեղ բոլորը հնարավորություններ են փնտրում: Այն կերպարները, որոնք առաջարկում են ամերիկացիներին, այնքան էլ հետաքրքիր չեն: Ես նկատի ունեի կանանց, բայց հիմա մտածում եմ նաև տղամարդկանց դեպքում է այդպես: Ինձ միշտ առաջարկում են նաև երգել անգլերեն, բայց ես ասում եմ՝ ոչ, եթե ՌԴ-ում, Իսրայելում, ՀՀ-ում կարող են հասկանալ և սովորել, երբ ես երգում եմ իսպաներեն, ինչու պետք է անգլերեն երգեմ այնտեղ: Իհարկե, փոքր տարիքից երազել եմ, որ իմ արվեստը ճանաչվի ամբողջ աշխարհում, իսկ Լոս Անջելեսում աշխատել եմ միայն ձայնասկավառակներիս վրա: Ես չեմ կարծում, որ վատ է կամ լավ, երբ փորձում են նվաճել Հոլիվուդը: Բայց ես որոշում եմ կայացրել՝ ներկայանալ իմ մայրենիով, տարածել իմ լեզուն»,-նշեց երգչուհին:

Վերադառնալով հայերին և հայկական մշակույթին՝ Նատալիա Օրեյրիոն ասաց, որ Արգենտինայում և Ուրուգվայում հայերին շատ են սիրում: 

«Մի երկրում, որտեղ ես ապրում եմ՝ Արգենտինայում, հայկական մեծ համայնք կա: Ուրուգվայում ևս հայկական մեծ համայնք կա: Այնպես որ՝ ձեր մշակույթը ինձ շատ հարազատ է, շատ եմ լսել ձեր մշակույթի, պատմության, խոհանոցի մասին, ուստի ինձ համար շատ առանձնահատուկ պահ է այստեղ՝ Հայաաստանում գտնվելը: Առանց դադարի 12 համերգ տալուց հետո, երբ երեկ եկա Հայաստան, ամբողջ օրը քնեցի, բայց որդիս և ամուսինս ամբողջ քաղաքով պտտվել են: Ասեցին, որ գնացել են ամենահին տաճարը, և ինձ համար շատ երկար հաց էին  բերել, որն ամբողջ գիշեր կերա, ոչ մի կերպ չէր վերջանում, անընդհատ ուտում է: ՀՀ-ում նաև շատ նուռ ենք կերել, այն շատ առանձնահատուկ էր: Ինձ հետ է իմ ընկեր Հարութը, ում տեսել եմ Արգենտինայում և Ուրուգվայում, ում շնորհիվ էլ ճանաչում եմ Հայաստանը»,-պատմեց նա՝ անկեղծանալով, որ ընդունում է՝ ունի  առանձնահատուկ կյանք, աշխատում է քրտնաջան, հետևողական է իր ցանկություններում, բայց երբեմն  չափազանց շատ աշխատանքը տխուր հոգեվիճակի մեջ է գցում իրեն:

«Գուցե տարօրինակ է, քանի որ, երբ մարդը զբաղվում է իր սիրած գործով, պետք է անընդհատ երջանիկ լինի: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հավասարակշռություն լինի հանգստի և քրտնաջան աշխատանքի միջև, ինչը փորձում եմ հիմա անել, փորձում եմ իմ ներսում գտնել այդ խաղաղությունը: Ես մեկ ամիս իմ ընտանիքին չէի տեսել, և երեկ, երբ տեսա իմ տղային, ամուսնուն, չկարողացա նրանց հետ գնալ զբոսնելու, քանի որ մարմինս հանգստի կարիք ուներ: Երջանկություն է նման հրաշալի երկրում լինելը, բայց իմ օրգանիզմը հանգիստ էր պահանջում»,-խոստովանեց դերասանուհին: Ի դեպ, նա ասաց, որ իր տղան մեծ սեր ունի երաժշտական գործիքների նկատմամբ, և այսօր երեկոյան հայկական որևէ երաժշտական գործիքի կծանոթանա: Նա հարցրեց լրագրողներից՝ ի՞նչ գործիք խորհուրդ կտաք, ինչին եղավ պատասխանը՝ դհոլ, երգչուհին խոստացավ նկատի առնել առաջարկը:

Կես կատակ, կես լուրջ հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ հայկական արմատներ ունենա, Օրեյրիոն պատասխանեց՝ ոչ:

«Բայց իմ քեռիներից մեկի կինը հայ է»,-լրացրեց նա:

Այս պատասխանից հետո Օրեյրիոյին առաջարկվեց իսկական հայ աղջիկ դառնալ. նրա մեջքին կապեցին հայկական գոտի, հայկական ազգային գլխարկ դրեցին գլխին, նույն կտորից պայուսակ նվիրեցին, ինչպես նաև եռագույնը խորհրդանշող կրծքազարդ, հայկական խորհրդանշական անձնագիր, և այս ամենն ավարտվեց  հայկական հյուրասիրությամբ:

«Տեսնո՞ւմ եք` ինչ հայ աղջիկ եմ»,-եղավ  ուրուգվացի երգչուհու արձագանքը:

Դերասանուհին, ի դեպ, UNICEF-ի բարի կամքի դեսպան է, նա հայտնեց, որ ՀՀ-ում էլ այդ ուղղությամբ հանդիպումներ կունենա: