կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-30 13:20
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին

Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հալեպում օծել է Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցին: Վաղ առավոտից եկեղեցում սկսված օծման արարողությանը Արամ Ա կաթողիկոսը հայրապետական խոսք է հղել ներկաներին՝ նշելով, որ եկեղեցու օծումն ունի պատմական և խորհրդանշական նշանակություն:

«Ուրիշները փորձեցին սպանել հավատքը մեր ժողովրդի կյանքում, բայց մենք հավաքական ասացինք, որ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել: Մենք մեր հավաքական կերպարով «ոչ» ասացինք անարդարությանը և պայքարեցինք, պետք է պայքարենք՝ հանուն արդարության: Ուրիշները ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել: Այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր հատվածի վրա: Սակայն մենք պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազի պատկերով»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ մեր ժողովուրդն ամեն տեղ պետք է զորավիգ լինի սիրիահայության վերականգնմանը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առաջնորդությամբ:

2015 թվականի ապրիլին Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող՝ 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ-ի կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով:

Եկեղեցու վերականգնումը իրականացվել է Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին: