կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 12:56
Հասարակություն

Մենք փախել ենք Թուրքիայից. թուրք գործիչը արցունքն աչքերին խոսեց կրած զրկանքների մասին

Մենք փախել ենք Թուրքիայից. թուրք գործիչը արցունքն աչքերին խոսեց կրած զրկանքների մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան են ժամանել ազգությամբ թուրք մի շարք գործիչներ, ովքեր դատապարտում են հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագությունները և դրանք ցեղասպանություն են համարում` Թուրքիային կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Այդ գործիչները Գերմանիայի թուրքական համայնքից են: Նրանք այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեցին, որ իրենց հայացքների տեր մարդկանց մեծամասնությունը պարզապես չեն կարող գնալ Թուրքիա, քանի որ կկալանավորվեն: Այս գործիչներից մեկը Ռեջեփ Մարաշլն է, ով 17 տարի գտնվել է թուրքական բանտերում և ենթարկվել է խոշտանգումների` սեփական հայացքների պատճառով: Նա գիրք է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին:

 

«Գերմանիայի թուրքական համայնքը կարելի է երկու մասի բաժանել` մի հատվածը աջակցում է Թուրքիային, իսկ մյուսը կազմում են վտարանդի թուրքերը: Ես հենց երկրորդ խմբին եմ դասվում: Մենք փախել ենք Թուրքիայից և այնտեղ ապաստան խնդրել»,- ասաց Մարաշլը:

 

Նա, արցունքն աչքերին, նշեց, որ Գերմանիայում թուրքական համայնքի այս հատվածի գլուխը մշտապես կախ է, որովհետև ինրանք դատապարտում են Թուրքիայի գործողությունները և պահանջում արդարություն: Մարաշլը նշեց, որ մեծ ցավով է արձանագրում այն հանգամանքը, որ թուրք` դեռևս դպրոցական երեխաների մեջ կեղծ ազգայնականություն է ներարկվում:

 

«Կոչ եմ անում Թուրքիային` ոչ միայն ճանաչել Ցեղասպանությունը, այլև փոխհատուցում տալ հայերին»,- ասաց Մարաշլը:

 

Մեկ այլ թուրք հասարակական գործիչ` Վիկտոր Ագուշը, ով ևս ապրում է Գերմանիայում, նշեց, որ Թուրքիան մոտ ապագայում դժվար էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ ճանաչումը ենթադրում է հատուցում, ինչը թուրքերի համար պարզապես սպանիչ է:

 

Բանախոսները տեղեկացրեցին նաև, որ իրենք լրագրողների հետ հանդիպումից մեկ ժամ հետո կայցելեն Արցախ, քանի որ անհիշելի ժամանակներից Արցախը հայոց բնօրրանն է, որի ճակատագիրը դեռևս խորհրդային ժամանակներից սխալ լուծում է ունեցել: