Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլ. Հանրապետութիւն սպասւող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցի կապակցութեամբ, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը պատասխանել է «Ալիք»-ի հարցերին:
Պրն. Թումանեանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին այցի ընթացքում ընկերակցող նախարարների կողքին ներկայ են լինելու նաեւ խորհրդարանական խմբակցութիւնների անդամ պատգամաւորներ:
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը պատասխանել է սպասւող հանդիպումների, ինչպէս նաեւ նախօրէին հրապարակւած Իրանի ԱԳՆ-ի (արդէն նախկին) Զարիֆի հրաժարականի մասին հարցերին:
Հ.- Պարո՛ն Թումանեան, Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի մասին լուրը, որը հրապարակւեց նախքան ՀՀ վարչապետի՝ Իրան կատարելիք այցը, արդեօ՞ք իր բացասական ազդեցութիւնը կարող է թողնել անցկացւելիք բանակցութիւնների վրայ:
Պ.- ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականն Իրանի ներքին գործն է: Հայկական կողմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցի հետ կապւած ծրագրւած միջոցառումները շարունակելու է իրականացնել բնականոն կերպով: Այլ բան չեմ կարող ասել:
Հ.- Ի՞նչ ոլորտի նախարարներ են ընդգրկւած ՀՀ վարչապետի գլխաւորած պատւիրակութեան կազմում, եւ որո՞նք են բանակցութիւնների ընթացքում քննարկւելիք օրակարգային հարցերը:
Պ.- ՀՀ վարչապետի գլխաւորած պատւիրակութեան կազմում լինելու են ԱԳ, էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարները: Պատւիրակութեան կազմում են նաեւ խորհրդարանական խմբակցութիւնների անդամ պատգամաւորներ:
Բանակցութիւնների օրակարգն ունի երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն:
Հ.- Իրան-Հայաստան դիւանագիտական յարաբերութիւններն ունեն բարձր մակարդակ, եւ բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցերն աւելի են խթանում այդ յարաբերութիւնների զարգացմանը, որը, կարծես, չի ազդում տնտեսական ոլորտի վրայ: Ի՞նչ կասէք այդ կապակցութեամբ:
Պ.- Այո՛, քաղաքական յարաբերութիւններում կնճռոտ խնդիրներ չեն առաջացել: Լաւ համագործակցութիւն կայ նաեւ միջազգային կառոյցների շրջանակներում:
Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, պէտք է նշել, որ համագործակցութիւնը գազի եւ էներգետիկայի ոլորտում զարգանում է բնականոն ճանապարհով: Առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների առնչութեամբ կարող եմ ասել, որ դրանք իսկապէս աչքի չեն ընկնում իրենց բարձր ցուցանիշերով: Յուսով ենք, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի ընդունումից յետոյ նոր հնարաւորութիւններ կը բացւեն տնտեսական համագործակցութեան խորացման համար:
Ինքնին հասկանալի է, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակներում կը քննարկւեն նաեւ երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման հարցերը: