կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-19 14:00
Հասարակություն

Հայ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

Հայ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են «Կանագավա» մրցանակի: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին:

Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությունը հեղինակավոր այս մրցույթին միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են «Ընտանիք» կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում:

«Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով» թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու Աննա Մկրտչյանի «Ուրախ ճանապարհորդություն» և «Բնության երգը» աշխատանքներն են գրավել միջազգային ժյուրիի ուշադրությունը, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը: