Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև օպերայի թատրոնի հարակից սրճարանների ապամոնտաժմանը և նշեց, որ եթե անգամ այդ սրճարաններից որևէ մեկն իր հարազատ եղբորը պատկաներ, դրանից իր վերաբերմունքը չէր փոխվի:
«Ինչպես դատարանների դեպքում, այնպես էլ այս դեպքում` այնպես չէ, որ ինձ քարտեզ են բերում, ես խաչ եմ քաշում սրճարանների վրա: Որքանով տեղյակ եմ, դա իրավական ձևակերպումների խնդիր է: Մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծելու պայմանագիրը, լուծել է, երբ կան որոշակի այլ ձևակերպումներ, դիմել է դատարան: Բոլոր այն դեպքերում, երբ կլինի գործընթաց սկսելու, տարածքն ազատելու իրական հնարավորություն, համապատասխան որոշումներ կկայացնենք: Հավաստիացնում եմ ձեզ, որ սրճարանների ապամոնտաժումը սեփականատերերի անձով պայմանավորված չէ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ավելի ճիշտ կլիներ, որ նախապես ճանապարհային քարտեզ, հայեցակարգ մշակվեր, որում հստակ կասվեր, թե որ տարածքում, երբ ու ինչ է փոխվելու, վարչապետ արձագանքեց` ըստ էության շրջանցելով հարցի բուն էությունը. «Պետք է դուրս գալ այն ընկալումներից, որ երկրում բոլոր հարցերը լուծում է վարչապետը, դա Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո է, ու ես համոզված եմ, որ այդ գործողության մեջ որևէ կողմնապահություն, որևէ շահադիտականություն, քաղաքական ենթատեքստ չկա: Եթե տեսնեմ, որ այդպիսի երևույթներ են ի հայտ են գալիս, ապա ես իմ հնարավորությունները կդիտարկեմ»:
Վարչապետը հռետորական հարց բարձրացրեց` նորմա՞լ էր, որ մարդիկ 90 հազար դրամով տարածքներ էին վարձակալել: «Էդ ովքե՞ր են, որ ուզում են ասել, թե կարող են 90 հազար դրամով տարածք վերցնել: Դա կարող էին անել մատներիս կեսի վրա հաշված մարդիկ: Բա եկեք վերահաշվարկ կատարենք, տեսնենք` այդ տարածքների օբյեկտիվ գինն ինչքան է, և այդ ամբողջ գումարը վերադարձնենք բյուջե: Ինձ համար կապ չունի` Օղակաձևում է, թե որտեղ է, բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանն ուզենա տարածքը վերադարձնել երևանցիներին, նա դա կանի»,- հստակեցրեց Փաշինյանը:
Ըստ նրա` Դալմայի այգիների նկատմամբ տարբեր ներդրողներ հետաքրքրություն են ցուցաբերել: «Բայց ես,- ասաց Փաշինյանը,- հատուկ գրություն եմ ուղարկել թե ՛ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, թե՛ բնապահպանության նախարարին, որ այդ տարածքները անձեռնմխելի լինեն, բարեկարգման աշխատանքներ տարվեն, ու վերադարձվի հանրությանը»: