Իսպանական Պալենսիա նահանգի Վիլյառամել գյուղական համայնքում անանուն բարերարը մարդկանց ծրարով գումար է նվիրում: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Վերոնշյալ անձը սկսել է նվերներ անել մարտի 6-ից. ողջ շաբաթվա ընթացքում նա ծրարներ է դրել գյուղի 15 բնակչի փոստարկղի մեջ կամ մուտքի դռան տակ:
Գյուղապետ Նուրիա Սիմոն Գոնսալեսի խոսքով՝ ստացողները ծրարի մեջ գտել են մինչև 100 եվրո: Երբեմն փողի հետ միասին նշված է ստացողի հասցեն, անունը և գրառումներ՝ «այս տան արքայադուստր» հաճոյախոսությամբ և սրտի պատկերով»:
«Բոլորս շփոթված սպասում ենք հանելուկի լուծմանը, քանի որ չգիտենք, թե այս փողը որտեղից է հայտնվել: Չգիտենք անգամ` ով է բարերարը և ինչ մտադրություններ ունի», - նշել է Գոնսալեսը:
Գումար ստացած մի քանի բնակիչներ այն տարել են ոստիկանություն կամ բանկ՝ համոզվելու համար, որ կեղծ չեն. թղթադրամներն իրական էին: