Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Aravot.am-ը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվել է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանն ինչպե՞ս է ծանուցվել ԲՈՀ-ի կողմից իր աստիճանազրկման մասին: Պարոն Գոգյանը պատասխանել է, որ «Հայփոստով» պատվիրված նամակ են ուղակել նրա տուն, անձնական փոստին եւ ՀՊՏՀ էլեկտրոնային նամակ են ուղարկել, նաեւ ԲՈԿ-ի կայքում են այդ մասին հայտնել: Ասել է նաեւ, որ զանգել են Դիանա Գալոյանի հեռախոսահամարին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, ինչի տեսանյութն առկա է ԲՈԿ-ի կայքում:
«Քանի որ ծրարները ախտահանման կենտրոն են գնում, ծանուցումը գուցե նիստից հետո է հասել իրեն կամ գուցե մի քանի անգամ դուռը չի բացել: Բայց ինքը (Դիանա Գալոյանը) հուլիսի 14-ին ԲՈԿ է եկել, եւ մեզ ուղղված գրություն էլ ունի, ինքը տեղյակ է ամսի 16-ի նիստի մասին: Մեզ մոտ գրավոր այդ փաստը կա, որ ինքը եկել է: Հուլիսի 14-ին ինքը մեզ մոտ բողոք-նամակ է բերել լսումների դեմ, ասել է, որ իրեն չենք ծանուցել, բայց նույն 14-ին ինքն ասում է, որ գիտի նիստի մասին, էլ չծանուցելը որն է»,-ասել է Գոգյանը:
Պատվիրված ծրարով նամակը Դիանա Գալոյանի տան հասցեով են ուղարկել եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան են էլեկտրոնային նամակներ ուղարկել:
«ՀՊՏՀ-ի ռեկտորին գրություն ենք գրել՝ խնդրելով իրենց աշխատակցին՝ Արմեն Գրիգորյանին տեղյակ պահել: Նա էլ պատասխանել է, որ արձակուրդում է, եւ չի կարող տեղյակ պահել, ինչն աբսուրդ է: Դիանա Գալոյանի անձնական էլեկտրոնային փոստին եւս նամակ է ուղարկել, պատասխան է եկել, որ արձակուրդում է եւ չի կարող կարդալ, զանգել ենք իր հեռախոսահամարին, տեսանյութ էլ կա, որ զանգում ենք, ինքը այդ զանգին չի պատասխանել, մեր կայքում դրել ենք այդ հայտարարությունն, ով իրեն ճանաչում է՝ կարողանա տեղյակ պահել: Ինքը հաջորդ օրը եկել է ԲՈԿ, բողոք-նամակ է գրել եւ ասել է, որ ինքը ծանուցվել է: Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Դիանա Գալոյանը հուլիսի 6-ից արձակուրդում է: Գրել էր՝ ձեր պարտականությունները կատարեք ինքներդ»,-ասել է ԲՈԿ նախագահը:
Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվականից էլ հետաքրքրվել է՝ ի վերջո տիկին Գալոյանը ստացե՞լ է բազմաթիվ ձեւերով իրեն ուղարկված ԲՈԿ-ի ծանուցումը, որ ԲՈՀ որոշմամբ իր դոկտորական աստիճանն այլեւս անվավեր է համարվում: Բուհի լրատվության պատասխանատու Գոհար Գեւորգյանը հայտնել է, որ տիկին Գալոյանն արձակուրդում է, եւ իր հեռախոսազանգերն առայժմ անպատասխան են մնում, ու լուրը ճշտելուց հետո անպայման կհայտնի: