կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-14 14:57
Քաղաքական

Ադրբեջանի զորավարժությունը պետք է դիտարկել ռազմական հարթությունում, ոչ թե մեսիջների. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանի զորավարժությունը պետք է դիտարկել ռազմական հարթությունում, ոչ թե մեսիջների. Կարեն Վրթանեսյան

Մարտի 11-15-ն Ադրբեջանի զինված ուժերն անցկացնում են խոշորագույն զորավարժություն՝ հարձակողական բնույթի:

Ադրբեջանական ռազմական միջոցառումը հայկական լրատվամիջոցներում լուրջ ուշադրության արժանացավ և դրա անցկացումը հիմնականում արտաքին քաղաքական հարթությունում դիտարկվեց: 

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ այդօրինակ լայնամասշտաբ գործողությունները պետք է դիտարկել հենց ռազմական հարթությունում և ոչ թե մեսիջների:

«Եթե դիվերսիոն գործողությունները, դիպուկահարների կրակոցներն ակնհայտորեն հոգեբանական ճնշման դեր ունեն, ապա տվյալ դեպքում մեր հակառակորդը զբաղված է մարտական պատրաստությամբ, նա փորձարկում և խաղարկում է գործողություններ, որոնք, ըստ էության, առաջնագծի տարբեր հատվածներում գործողությունների փորձարկումներ են: Այսինքն՝ այս ամենը դիտարկել մեսիջների հարթությունում, սխալ է: Առաջին հերթին դա պետք է դիտարկել որպես ռազմական գործողությունների նախապատրաստություն: Ես չեմ ասում, որ ինչ-որ ժամկետում պլանավորված ռազմական գործողություններ կան, բայց մենք միշտ պետք է հիշենք, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորություն փորձելու է օգտագործել ուժով տարածքներ խլելու համար, նման փորձ եղավ 2016-ի ապրիլին: Ցանկացած պահի նման բան կարող է կրկնվել»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց նա՝ միաժամանակ հիշեցնելով ՀՀ ԱԽ քարտուղարի պնդումը, որ Արցախում տեղի ունեցած ՀՀ-ի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը նախապես պլանավորված է եղել, ուստի դա ևս չի կարելի դիտարկել որպես պատասխան ադրբեջանական զորավարժությանը կամ համանախագահների հայտարարությանը: 

«Իշխանական մամուլը փորձեց այդ թեման շրջանառել, ինչ-որ մեսիջներ գտան, ինչ-որ մեսիջներ փորձեցին փոխանցել, բայց հետո ստացվում է, որ իրենք էլ հերքեցին: Շիլաշփոթ վիճակ ստացվեց և պարզ չդարձավ, թե ինչու այդ թեման այսքան առաջ տարան և շեշտադրեցին»,-լրացրեց Վրթանեսյանը:

Հանդիպմանը ներկա «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ասաց, որ Ադրբեջանի զորավարժություններին խաղարկվել են առաջնագծի տարբեր հատվածներում հայկական պաշտպանությունը ճեղքելու, հրետանու կիրառմամբ հայկական դիրքերին հարվածելու, ինչպես նաև հրթիռահրետանային միջոցներից թիկունքային ռազմավարական նշանակության օբյեկտները և զորամասերը խոցելու ու զրահատանկային ստորաբաժանումների միջոցով հայկական ստորաբաժանումները ջախջախելու դրվագներ:

«Այսպիսին է ադրբեջանական զորավարժության սցենարը: Հիմնականում ընդգրկված են հրթիռահրետանային ստորաբաժանումները, այդ թվում՝ ԳՇ կենտրոնական ենթակայության տակ գտնվող առանձին հրթիռային բրիգադը, ինչպես նաև մոտոհրաձգային բրիգադներ: Խաղարկվում են նաև թիկունքային կորպուսից դեպի օպերատիվ շրջաններ թիկունքային ուժերի տեղափոխման սցենարներ, այսինքն՝ դեպի  զորավարժության անցկացման վայր, ենթադրելի է, որ դա Մինգեչաուրի մոտ գտնվող խոշոր զորավարժարանն է»,-մանրամասնեց վերլուծաբանը՝ նշելով, որ նշված զորավարժությունը նախորդների  համեմատ ամենախոշորը չէ, և որ  ներգրավված զինատեսակների մեջ կան նաև հայտնի «Պոլոնեզ» և «Լորա» հրթիռային համալիրները, որոնք առաջին անգամ չեն կիրառվում զորավարժությունների ժամանակ, դրանք  գրեթե նույն սցենարով զորավարժություններում կիրառվել են դեռ նախորդ տարի: