Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 11-15-ն Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում են խոշորագույն զորավարժություն՝ հարձակողական բնույթի:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով դրան, նշել էր, որ Վիեննայի փաստաթղթի շրջանակում զորավարժությունների մասին չի ծանուցվել մասնակից երկրներին՝ ենթադրելով, թե զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարկ համարեց շեշտել, որ Ադրբեջանի այս զորավարժությունը խոշորագույն է` առանձին վերցված, բայց ոչ` ադրբեջանական նախորդ զորավարժությունների համեմատ:
«Այդ զորավարժությունը ոչ նրանց խոշորագույնն է, ոչ էլ` աննախադեպը: Առնվազն վերջին 3-4 տարվա ընթացքում 3-4 անգամ նման զորավարժություն նրանք անցկացնում են՝ գարնանը, ամռանը և աշնանը: Նախկին զորավարժություններն անգամ հայտարարված անձնակազմի քանակով ավելի մեծ են եղել, քան այս մեկը, որի դեպքում հայտարարված է 10.000 անձնակազմի մասնակցության մասին, մինչդեռ 2016-ի նոյեմբերին տեղի ունեցած զորավարժության ժամանակ հայտարարություն է եղել մինչև 60.000 անձնակազմի մասնակցության մասին, դրանից հետո եղել են 30.000, 25.000, 20.000, 15.000 անձնակազմի մասնակցությամբ զորավարժություններ: Զինտեխնիկայի քանակով ևս 2019-ի այս զորավարժությունը կարելի է դասել միջին զորավարժությունների թվին: Սակայն, եթե առանձին դիտարկենք, այն խոշոր զորավարժություն է, փոքր չէ և հետաքրքիր մասեր է պարունակում: Նախ՝ զորավարժության սցենարը հարձակողական բնույթի է, իհարկե, սա ևս աննախադեպ չէ. անցյալ տարի նման սցենարով զորավարժություն անցկացվել է: Ինչևէ, սրանով ցույց է տրվում, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանի այս իշխանության օրոք և նրանց կողմից հայատյացության ոգով դաստիարակվող բնակչության պարագայում հնարավոր չէ, որ Ադրբեջանը հետ կանգնի իր ագրեսիվ դիրքորոշումից: Սա ակնհայտ մեսիջ է՝ Ադրբեջանի հարևանության պարագայում Հայաստանի և Արցախի բնակչության գոյությանը վտանգ է սպառնում»,- ընդգծեց ադրբեջանագետը:
Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ Ադրբեջանն այս զորավարժությամբ փորձում է խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում, և այն սրվում է, երբ մենք որակում ենք այս զորավարժությունները որպես աննախադեպ:
«Պետք է օբյեկտիվ դիտարկենք սա, հետևենք և արձանագրենք այն վտանգները, որոնք կարող են լինել, և դրանք չեզոքացնենք: Հարց՝ եթե Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում, կարո՞ղ է անցնել լայնամասշտաբ հարձակման, ի՞նչ վտանգ կա այս առումով: Վտանգ միշտ կա, դա բացառել չենք կարող, սակայն, հանկարծակի հարձակման համեմատ՝ 2016-ի ապրիլյան գործողությունների, այս դեպքում հայտարարված է, ուստի գիտենք, որ նրանք հիմնական զորավարժարաններում կուտակելու են զինտեխնիկա, այդ թվում՝ հրթիռային, ավիացիա և այլն: Բնականաբար, այս դեպքում Հայաստանի և Արցախի զինված ուժերն իրենց մարտական պատրաստականության աստիճանը նույնպես պետք է բարձրացնեն, այսինքն՝ այս շրջանում զգոնությունը պետք է բարձրանա: Կրկնում եմ՝ ինչ-որ գործողության դիմելու հավանականությունն Ադրբեջանի կողմից ավելի բարձր չէ, քան այլ ժամանակահատվածներում, երբ հայկական կողմը չգիտի, թե ինչ է լինելու»,- նշեց Հովհաննիսյանը: