Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2019 թվականի մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
2019 թ. փետրվարին գրանցվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 1.9%: Ամսվա գնաճին բացառապես նպաստել է սեզոնային ապրանքների գների աճը:
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման ներքո համաշխարհային պահանջարկը որոշ չափով թուլացել է, որի պարագայում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը ժամանակավորապես հետաձգել են դրամավարկային պայմանների ճշգրտումը: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքներով տնտեսական աճը սպասվածից բարձր է եղել՝ պայմանավորված հիմնականում մասնավոր սպառման բարձր աճով: Համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն է պահպանվել նաև 2019 թ. սկզբին՝ հունվարին կազմելով 6.1%: Նշենք, որ տարեսկզբին ևս հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա շարունակում է թողնել զսպող ազդեցություն, որը, ըստ ԿԲ գնահատման, առաջին կիսամյակում կչեզոքանա։
Ստեղծված իրավիճակում խորհուրդը նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը, քանի որ ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը: Հաշվի առնելով վերոնշյալ միտումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
Կանխատեսվող հորիզոնում դեռևս գերակշռում են գնաճի նպատակի իրագործման ներքևի ուղղությամբ ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով:
Դրանց դրսևորման դեպքում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։