Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 1-ից առողջապահության նախարարությունը կսկսի սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը, որի շրջանակներում տարեկան շուրջ 250 պացիենտ հնարավորություն կստանա բուժում ստանալու պետական պատվերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի կյանքի կոչման համար բոլոր մարզերում արդեն վերապատրաստում են անցել շտապօգնության բրիգադները: Ըստ այդմ` սուր իշեմիկ ինսուլտի դեպքում, հիվանդին Էրեբունի և Առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխելով, վիրահատական միջամտություն տեղի կունենա պետպատվերի շրջանակներում: «Այսինքն` ինչպես սրտի փակված անոթներն ենք բացում, այնպես էլ գլխուղեղի անոթներն ենք փորձելու բացել: Հիմա գնային վերջին որոշումներն ենք կայացնում: Ծրագիրը հասանելի կլինի բոլոր նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում այդ պահին` անկախ մարդու սոցիալական վիճակից»,- ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով սրտի ստենտավորման գների հնարավոր նվազեցմանը` առողջապահության նախարարը նշեց, որ շուկայական տնտեսությունում որևէ ծառայության մատուցման գնի հետ կապված մեխանիզմ, եթե գնվում է ոչ պետության կողմից, չկա և չի էլ կարող լինել: Նրա խոսքով` պետությունը վճարովի ծառայությունների գին սահմանելու գործառույթ չունի և չպետք է ունենա, այդ գինը պետք է ձևավորվի շուկայում` արդար մրցակցության շնորհիվ: «Ստենտավորման դեպքում ունենք այսպիսի պատկեր` Երևանում մեկ դեղապատ ստենտի գինը 850 000-ից մինչև 1 մլն դրամի է հասնում: Գների տարբերությունը 15 տոկոս է, սա` այն քաղաքացիների դեպքում, որոնք վճարում են: Իսկ պետության դեպքում գինը սահմանում ենք մենք` մեր հաշվարկների հիման վրա,` բնականաբար, բժշկական կենտրոնների համար ապահովելով որոշակի շահույթ, որպեսզի վնասով չաշխատեն: Երևանում այժմ 11 ստենտավորման կենտրոն կա, և հենց նրանք են շահագրգռված, որ այդ գները լինեն հնարավորինս էժան: Կարծում եմ` այս տարի էլ գների իջեցում կլինի»,- ասաց Թորոսյանը:
Նա նշեց նաև, որ պետությունն ավելի շատ շահագրգռված է, որ մարդիկ չգնան ստենտավորման, այսինքն` իրենց քաղաքականությունն ուղղված է լինելու նման հիվանդությունների կանխարգելմանը, որպեսզի բանը չհասնի վիրահատական միջամտության: