կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-11 16:49
Քաղաքական

Տնտեսությունը կրճատումներով չի կարող զարգանալ. Մարուքյան

Տնտեսությունը  կրճատումներով չի կարող զարգանալ. Մարուքյան

Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ. այսօր ճապազրույցների ժամին ևս մեկ անգամ ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և  մեկնաբանեց` 5-օրյա ժամկետում ՀՀ նախագահին չեն ներկայացել 18 նախարարներին, ներկայացրել են 12-ին, հետևաբար` խախտվել է պարտադիր նորմը:

Ըստ պատգամավորի` դրանից հետո երկրորդ խախտումն է եղել. նախարարի ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին մասնակցելու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, իրավունք չունեին մոտենալու ԱԺ ամբիոնին, իրավունք չունեին ներկա լինելու դահլիճում` ընդհանրապես, բայց կարգը կրկին խախտվել է` նրանք ներկայացել են, ավելին՝ պատասխանել պատգամավորների հարցերին, ինչը ԱԺ կանոնակարգ-օրենքի մեկ այլ հոդվածի խախտում է:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքին, որի ծրագիր-նախագիծը, ի դեպ, դեռ խորհրդարանի օրակարգում չի ընդգրկվել, Մարուքյանն ասաց` գործադիրն այն կազմելիս մոնոպոլ  իրավունք ունի:  «Մենք չէինք կարող մեր տարբերակը ներկայացնել, բայց մենք հիմա այլընտրանքային առաջարկություն ենք պատրաստում, որը միտված է լինելու մի քանի նախարարություններ պահպանելուն, նաև այն համակարգը, որի դեմ մենք բոլորս պայքարել ենք, վերափոխելուն: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը պետք է վերադառնան կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով: Մենք նախատեսում ենք գյուղնախարարության միացում  էկոնոմիկայի նախարարությանը. հիմա քննարկումների մեջ ենք մասնագետների հետ:  Շատերը պնդում են, որ չի կարելի նման բան անել, այսինքն` գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի: Նմանատիպ քննարկումներ ունենք նաև էներգետիկայի և մշակույթի նախարարության բարեփոխումների հետ կապված: Հստակ է, որ մենք այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգանք թե՛ ոստիկանության, մասով, թե' ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի»,- նշեց պատգամավորը:

Մարուքյանը վստահ է` տնտեսությունը չի կարող զարգանալ կրճատումներով, ավելին` գիտնականների հանդիպելու ու նրանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն չկա` հասկանալու համար` եթե կրճատումներ անենք, երկիրը կզարգանա՞, թե՞ ոչ:

«Որտեղ եղել են ուռճացված ապարատներ, պետք է լինեն կրճատումներ, օրինակ` մարզպետարաններում: Այո, փոխմարզպետներ կան, որոնք պետք է կրճատվեն: Կան նաև երկար տարիներ մասնագիտացած համակարգեր, որոնք կրճատելու պարագայում խնդիրը չենք կարողանալու լուծել՝ գործառույթները այլ մարմինների վրա դնելով: Գործընթացի կեսից պարզվելու է, որ դա սխալ էր և,  հետ վերադառնալը լինելու է հարված, այդ մասնագետներին չես կարողանալու հավաքել` կեսն  արտագաղթած կլինի, գուցե այլ ոլորտներում աշխատանք գտած: Պետք է նայենք, թե տվյալ ոլորտի համակարգման գործառույթներն ուր են փոխանցվում: Կարծում եմ`  լուրջ խնդիրներ են լինելու: Կառավարությունը մեզ թիվ չի ասում, թե կրճատումներն ինչ թվաքանակով են լինելու: Նամակներ ենք տեսնում, հրապարակված գրություններ, որ հավելյալ արժեք չստեղծող մարդկանց պետք է կրճատել: Ո՞նց են չափել, որ հավելյալ արժեք չստեղծող մարդիկ հենց այդ մարդիկ են, կամ` ի՞նչ ենք նկատի ունենում՝ հավելյալ արժեք ասելով»,- իր մտահոգությունները հայտնեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը: