կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-09 23:00
Սպորտ

Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն

Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների  չեմպիոն

Վազգեն Թեւանյանը (65 կգ) հռչակվեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության չեմպիոն։

Մարտի 9-ին կայացած եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Բոլոր միավորները գրանցվեցին առաջին մրցափուլում:

2018թ․ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թեւանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1:

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ եւս 2 ներկայացուցիչ՝ Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել:

Մարտի 9-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Ամենահաջողը հանդես էր եկել Խաչատուր Պապիկյանը, ով 2 հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը եւ Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել: