Սևակ Վարդումյան
Օդում կմնան երգերս վաղվա,
Ցնորված գուցե աստղահուզումից՝
Վար կիջնեն մեղմիկ գիշերով պարզկա,
Կխայտան վայրագ, բայց չեն գտնի ինձ:
Խուլ հառաչանքով մեկեն կերգի
Ծղրիդը՝ սեզի բույրից խենթացած:
Ծաղիկը բոսոր՝ ականջը երգի,
Կօրորի իր հետ բզեզին արբած:
Շիկնած այտերին խտուտը կզգա,
Ու բառս չասված իրեն կհասնի:
Բզեզը նորից շուրթը կբանա
Հանգիցս շիկնած կարմիր կակաչի:
Լուռ կշշնջամ մի վերջին ագամ.
«Հավքերի հետ եմ, թռչում եմ արդեն:
Սրտինդ տուր ինձ, բացվիր մինչև գամ,
Իսկ սերդ-փոշի քամուն է տրվել»:
Խենթ ծաղկափոշին օդում գլորվող
Մեկեն կդողա հոգնատանջ ցավից:
Ի՞նչ էր պատահել, որ վշտից մորմոք
Ծաղիկը սևսիրտ հառաչ էր լալիս: