Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող խազ քաշել իմ բարի համբավի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` խոսելով այն մասին, թե ինքը ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
«Քրեական գործին վերաբերող մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ։ Բայց դա չի ենթադրում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի, և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևիցե ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն։ Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, ու չեն կարող, ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։ Բնականաբար, ես համաձայն չեմ դրա հետ, ու դա վիճարկվելու է համապատասխան իրավական ճանապարհներով»,- ասաց Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ հարցաքննվել է, իսկ գործով իր կարգավիճակի մասին բոլոր հարցերը պետք է տալ ԱԱԾ-ին:
«Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Հատկապես` հեգնողներին ասեմ՝ գերեզմանում էլ լինեմ, իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:
Սանասարյանը նշեց, թե չի կարող ասել` ում է խանգարում, կամ ինչ նպատակ ունի այս ամենը: «Մի բան հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում, էմոցիոնալ շարժվելով, ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրի, ես դա բացառում եմ: ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել, իհարկե, օրենքի շրջանակներում։ Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային, մաքուր, որևիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի», - եզրափակեց նա: