Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Մխիթարյանների ընտանիքում ծնվել է 5-րդ երեխան՝ Էլինան։ Անունը պատահական չի ընտրված, հոր՝ Արմանի ցանկությունն էր։ Նպատակներ ու երազանքներ էլի ուներ Արմանը, նորածին դստերն ու կնոջն անձա՛մբ եւ առաջինը ծաղկեփնջով դիմավորեր ծննդատան մուտքի մոտ եւ տուն բերեր։ Ցավոք, 2022 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետեւանքով այս եւ այլ շատ նպատակներ ու երազանքներ մնացին անկատար։
«Չգիտեինք՝ աղջի՞կ է, թե՞ տղա, ասաց՝ տղա լինի՝ Ալեն կդնեմ, եթե աղջիկ լինի՝ Էլինա։ Որ ստուգվեցի, իմացանք՝ աղջիկ է, ասաց՝ Էլինա դիր անունը, ասացի՝ կդնեմ։
Ասում էր, ե՞րբ պետք է պուճուրը ծնվի, որ գամ դիրքերից, իրեն գրկած հիվանդանոցից տուն բերեմ։ Իր ուշքն ու միտքն անընդհատ երեխեքն էին»,- 168.am-ի հետ զրույցում պատմել է Արման Մխիթարյանի կինը՝ Արմինե Մարգարյանը։
Արման Մխիթարյանը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, 2017 թվականից պայմանագրային ծառայության էր անցել Զինված ուժերում. «Սեւ հովազ» ջոկատի անդամ էր։
Նրա եղբայրը՝ Արգամ Մխիթարյանն էլ, 168.am-ի հետ զրույցում ասել է՝ Արմանը 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանել էր Քարվաճառի դիրքերը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել էր Ջերմուկ։ Սեպտեմբերի 12-ին՝ թշնամու հարձակման ժամանակ, Արմանը տանն էր, տագնապով շտապել էր դիրքեր՝ մարտական ընկերներին օգնության․
«Ինքը 44-օրյա պատերազմին էլ է մասնակցել Քարվաճառում․․․ Էս պատերազմին չփրկվավ, գնաց ու էլ չեկավ։ Սեպտեմբերի 14-ին էդ դեպքը եղել է, ոտքից վիրավորվել է ու արնաքամ է եղել, մահացել է Արմանը»։
Արմանն ու Արմինեն կյանքում շատ դժվարություններ են հաղթահարել, երազում էին սեփական տունն ունենալ: Ուրիշի տանն էին ապրում, որտեղ տարրական պայմաններ չկային, բայց դա նրանց հետ չէր պահում նպատակների ետեւից գնալուց։ Արմինեն պատմում է, որ ամուսինը դիրքերից իջնելուն պես գյուղի դաշտերում ձեռքից եկած աշխատանքն էր կատարում, որպեսզի երեխաները ոչ մի բանից զուրկ չմնային․
«Տան պահով էր շատ մտածում, որ էդ տան մեջ ենք ապրում, որ ջուրը լցվում էր երեխեքի վրա, ինքը շատ էր նեղվում։ Ասում էր՝ գնամ, գամ, Ջերմուկում մի հատ վարձով տուն վերցնեմ, ձեզ տանեմ այնտեղ, էն էլ գնաց ու չեկավ․․․
Էս աղջիկս ա շատ դեմ ընկնում, հոր նկարը վերցնում, առանձին նստում լացում ա, իսկ փոքր տղես գնում ա նկարի մոտ, նայում ա, ասում ա՝ պապա, պապա արի, պապա, նկարը վերցնում, մի անկյունում նստում ու մի ձեւ հայացքով նայում է։ Ինքը շատ կապված էր հոր հետ, հոր կարիքը շատ է զգում»։
Արմինեն ասում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի իր եւ Արմանի երազանքներն իրականացնի։ Ընտանիքը հիմա ժամանակավորապես բնակություն է հաստատել հարազատներից մեկի տանը, մինչեւ կարողանան իրենց փոքրիկ անկյունը ստեղծել․
«Ուզում եմ երեխեքին թեկուզ մի հատ սենյակ լինի, որ իրենք կարողանան այդ սենյակում հանգիստ ապրեն։ Տուն չունենք, մենակ դրան եմ ձգտում, որ մի հատ անկյուն լինի իրենց համար։ Էդ ամենի միջով անցել ենք, ես չեմ ուզում, որ իրենք էլ նույն պատմության միջով անցնեն»։
Աղբյուրը՝ 168.am