կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 13:34
Քաղաքական

Շատ շնորհակալ եմ մեր հարգարժան Սուրիկ Խաչատրյանին. Գորիսի նորընտիր քաղաքապետ

Շատ շնորհակալ եմ մեր հարգարժան Սուրիկ Խաչատրյանին. Գորիսի նորընտիր քաղաքապետ

Այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգնել ու աջակցել է Գորիսի քաղաքապետի` երեկ կայացած ընտրություններում ընտրված քաղաքապետ  Վաչագան Ադունցին, եւ դա մեծ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, Yerkir.am-ի հետ զրույցում այսօր անկեղծ խոստովանեց հենց ինքը' Վաչագան Ադունցը:

 

Նշելով, թե այս ընտրությունների ժամանակ իրեն ոչ միայն նախկին մարզպետն է օգնել ու աջակցել, այլեւ ամբողջ ՀՀԿ-ն եւ ներկայիս մարզպետը նույնպես, նա ավելացրեց, թե ինքն արդեն այսօր շնորհավորանք է ստացել մարզպետից ընտրվելու կապակցությամբ:

 

«Ես շատ շնորհակալ եմ մեր հարգարժան Սուրիկ Խաչատրյանից, որ մեր կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարն է: Մենք իրար հետ 20 տարի աշխատել ենք, երկուսով ծառայել ենք մեր ժողովրդին: Քիչ բան չենք արել ժողովրդի համար, մեր համատեղ աշխատանքը արդյունք տվել է, քաղաքում ունենք մեր արածը, եւ, բնականաբար, իր աջակցությունն ինձ համար կարեւոր էր ու մեծ էր: Բնականաբար, այո', դեր խաղացել է, որովհետեւ մարդը Գորիսում եւ ոչ միայն Գորիսում, այլեւ մարզում ունի կատարած աշխատանքներ, ու եթե իմ հետեւում կանգնած է, իհարկե, դա ինձ օգնել է»,- Yerkir.am-ին ասաց Վաչագան Ադունցը:

 

Նա նշեց, որ շատ գոհ է ընտրությունների արդյունքներից, իր թիմից, քանի որ այն պահանջը, որ ինքը դրել է իր ընտրողների, թիմի, վստահված անձանց առջեւ, կատարվել է: Իսկ պահանջը, պարզաբանեց ընտրված թեկնածուն, եղել է այն, որ ինքն ասել է' միմիայն պարզ, մաքուր, թափանցիկ, օրինական, առանց ինչ-որ միջադեպերի պետք է անցնեն ընտրությունները, այդպես էլ եղել է:

 

Ադունցը նաեւ շնորհակալություն հայտնեց Գորիսի քաղաքապետի մյուս թեկնածուին' Հրայր Յոլյանին, նրա թիմին ու կողմնակիցներին, ովքեր, ինչպես ընդգծեց Ադունցը, կարողացան ապահովել այդ պարզ, թափանցիկ ու նորմալ ընտրությունները:

 

Հետաքրքրվեցինք' իսկ Վաչագան Ադունցին հասե՞լ են խոսակցություններ, որ երեկ ընտրակաշառք է բաժանվել, ընտրություններն այնքան էլ մաքուր ու թափանցիկ, առանց կեղծիքների չեն անցել, եւ ինչպե՞ս է նա վերաբերվում նման խոսակցություններին, ինչին նա պատասխանեց, թե բացարձակապես նման ոչինչ չի լսել, ւնդհակառակը' լսել է գովեստի բազմաթիվ խոսքեր, որ նման ընտրություններ են անցկացվել:

 

«Այսպիսի ընտրություններ Գորիսում, կարելի է ասել, երբեք չեն եղել: Միշտ էլ ձգտել են մաքուր ու նորմալ անցկացնել, բայց այսպես մաքուր, հանդարտ, նորմալ հարաբերություններով ընտրություն երբեք չի եղել»,- շեշտեց Վաչագան Ադունցը:

 

Մեր հարցին` իր կարծիքով' ի՞նչը դեր խաղաց, որ գորիսեցիների մեծամասնությունը քվեարկեց իր օգտին, Ադունցը պատասխանեց, թե ժողովրդին շատ բան ունի տված:

 

«Կներեք, որ անհամեստություն եմ անում, բայց ես 25 տարի, բառիս բուն իմաստով, ծառայել եմ ժողովրդին, ոչ ոքի չեմ նեղացրել, ինչ արել եմ, ձգտել եմ անել ամեն ինչ, որ ամեն օր մի բան ավելացնեմ իմ Գորիսի համար: Դրա արդյունքն էր, որ ինձ վստահեցին: Ճիշտն ասած' վստահության քվեների ավելի մեծ ցուցանիշ էի ակնկալում, բայց այս ցուցանիշի համար էլ շնորհակալ եմ բոլորից»,- ասաց Գորիսի ընտրություններում հաղթած թեկնածուն:

 

«Իսկ վարչական, ֆինանսական, մարդկային ռեսուրսներ կիրառվե՞լ են» հարցին ի պատասխան, Ադունցը նշեց, որ եթե եղած լինեինք Գորիսում ու անկողմնակալ աչքով նայեիք, կտեսնեինք, որ ոչ մի խախտում չի եղել, ամեն ինչ գեղեցիկ ու նորմալ է եղել:

 

«Եվ ասեմ, որ մենք ընտրել ենք Գորիսի քաղաքապետ ընդամենը 4 տարով, բայց մենք իրար հետը ապրելու ենք մի ամբողջ կյանք: Ես դա միշտ էլ ասել եմ' ցանկացած ընտրության ժամանակ: Մենք իրար հետ պետք է ապրենք, ու դրա համար ես ինքս ոչ ոքի թույլ չէի տա` ինչ-որ խախտում կամ նման բան իրեն թույլ տար»,- ավելացրեց հաղթած թեկնածուն:

 

Նրա խոսքերով' երեկվա ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն է ունեցել նաեւ Գորիսի քաղաքապետի նախնական' 4 թեկնածուներից 2-ի ինքնաբացարկը, թեեւ չգիտի, թե ինչպիսի:

 

Նշելով, թե սկզբում խոսակցություններ կային, որ երեք թեկնածուներ միավորվելու են, ինչի մասին հայտարարություն էլ է եղել, Վաչագան Ադունցն ասաց, թե դա, բնականաբար, ավելի պետք է դժվարացներ իր վիճակը: «Սակայն  տեսաք արդյունքը... Բնականաբար, ինքնաբացարկները դեր խաղացել են, քանի որ Արա Բուդաղյանն էլ հայտարարել է, որ իր աջակիցները քվեարկեն Յոլյանի օգտին: Դդա ինձ համար, բնականաբար, պետք է լրացուցիչ խնդիր առաջացներ, բայց տեսանք, որ ժողովուրդը կատարեց իր ճիշտ ընտրությունը»,- նշեց նա: