Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շվեյցարիայի ազգային բանկը ներկայացրել է նոր նմուշի 1000 ֆրանկանոց թղթադրամը, որը կդառնա Եվրոպայի ամենաթանկ թղթադրամը և արժեքով երկրորդն աշխարհում` Բրունեյի 10 հազար դոլարանոց թղթադրամից հետո: Այս մասին հայտնում է 24-my.info-ն:
Թղթադրամը, որը շրջանառության մեջ կմտնի մարտի 13-ից, մանուշակագույն է՝ պոլիմերային մանրաթելերի օգտագործմամբ, ինչպեսև իններորդ սերիայի մյուս նոր թղթադրամները։ Դիզայնի հիմնական թեման հաղորդակցությունն ու լեզուն են։
Վերջին ժամանակաշրջանում աշխարհում նկատվում է շրջանառությունից առանձնապես խոշոր թղթադրամները հանելու միտում, քանի որ դրանք ակտիվորեն օգտագործվում են ոչ միայն քրեական աշխարհում, այլև էլեկտրոնային վճարումների տարածման համատեքստում։ Մասնավորապես` 2019 թվականի ապրիլից Եվրոպական կենտրոնական բանկը որոշում է կայացրել այլևս չտպագրել 500 եվրոյանոց թղթադրամներ:
«Այնուամենայնիվ, Շվեյցարիայում, մշակութային առանձնահատկությունների բերումով, կանխիկ դրամը նախկինի պես տարածված է»,- նշել է Շվեյցարիայի ազգային բանկի փոխնախագահ Ֆրից Ցուրբրյուգը։
Բանկի` 2017 թվականի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր վճարումների մոտ 70 տոկոսը Շվեյցարիայում իրականացվել է կանխիկ դրամով։ Արժեքային արտահայտմամբ` այդ ցուցանիշը կազմել է մոտ 45 տոկոս։ Հարցվածների մոտ 40 տոկոսը գոնե մեկ անգամ տարվա ընթացքում գնումների համար վճարել է 1000 ֆրանկանոց թղթադրամով։ Իտալախոս Տիչինո կանտոնում այդ ցուցանիշը հասնում է 60 տոկոսի, գլխավորապես՝ ի հաշիվ 55-ից բարձր տարիքի բնակչության։
Հավելենք, որ շվեյցարական ֆրանկների փոխարինումը նոր նմուշի թղթադրամներով կավարտվի 2019 թվականի սեպտեմբերին, երբ ԿԲ-ն կներկայացնի 100 ֆրանկ անվանական արժեքով վերջին թղթադրամը։