կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-04 12:24
Քաղաքական

Փաշինյանի և Ալիևի սպասվելիք հանդիպումը քաղաքական օրակարգ չի ունենա. Աշոտյան

Փաշինյանի և Ալիևի սպասվելիք հանդիպումը քաղաքական օրակարգ չի ունենա. Աշոտյան

Նոր իշխանությունները, ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, միջազգային հանրության մոտ ստեղծել են չհիմնավորված դրական ակնկալիքներ Արցախյան հարցի բանակցային գործընթացի հետ կապված:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա նշեց, որ, համենայն դեպս, հասարակության համար անհասկանալի է, թե ինչ է  ընկած այդ չհիմնավորված լավատեսության հիմքում: «Ակնհայտ է, որ այդ լավատեսությունը որևէ իրական քաղաքական հիմք չունի և ունենալ չի կարող, որովհետև Նիկոլ Փաշինյանն անձամբ հերքում է այն լուրերը, թե Ալիևի հետ իր երեք հանդիպումներն ունեն որևէ քաղաքական օրակարգ՝ կախված Արցախյան հակամարտության լուծման հեռանկարի հետ: Փաշինյանի և Ալիևի սպասվելիք հանդիպման ժամանակ նույնպես նման հարց չի քննարկելու, քանի որ, ինչպես Փաշինյանն է հայտարարել, այս հանդիպումը լինելու է առանց օրակարգի»,- նշեց Աշոտյանը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի մասին` նախկին պատգամավորը հայտնեց` այն դանդաղել է, անգամ գործող իշխանությունները, ի դեմս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ընդունում են իր մեղադրանքներն ու քննադատությունը, որ 2019-ի ընթացքում այդ համաձայնագիրը չի վավերացվի:

«Դանդաղել է նաև վիզաների ազատականացման գործընթացը: Եթե նախկինում ԵՄ պաշտոնյաները, մասնավորապես` Յոհաննես Հանն ու Պյոտր Սվիտալսկին որոշակի նախնական ժամկետներ էին նշում, թե երբ կմնեկնարկեն երկխոսություններն այդ հարցի շուրջ, այս պահին նրանք հրաժարվում են հստակ ժամկետներ նշել։ Եթե նախկինում խոսքը 2020-ի մասին էր, ապա այս օրերին ԵՄ պաշտոնյաները խուսափում են ժամկետներ նշելուց»,- հավելեց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա, ըստ նրա, անկախ հանգամանքից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ են, փայլուն են, այդուհանդերձ, ստանձնելով ԵՏՄ-ի նախագահությունը, Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել ՌԴ նախագահի հետ: