Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, մասնավորապես, ասել է. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն ենք եղել և հույս ունենք, որ նոր կառավարության գործունեության ընթացքում էլ ականատես կլինենք այդ հարաբերությունների զարգացմանը:
Այսօրվա հանդիպման ընթացքում բանակցություններ ունեցանք երկկողմ, տարածաշրջանային հարաբերությունների և աշխարհում տեղի ունեցող տարբեր հարցերի շուրջ: Պարոն վարչապետի հետ հանդիպմանը մենք գոհունակություն ենք հայտնել Իրանի նկատմամբ անարդար պատժամիջոցների հետ կապված Հայաստանի դիրքրոշման կապակցությամբ: Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի և թույլ չտանք, որպեսզի որևէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին և համագործակցությանը:
Մեր երկու երկրների միջև շատ լավ համագործակցություն է ձևավորվել, առկա են բարձր մակարդակի քաղաքական, մշակութային հարաբերություններ, համագործակցություն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Մենք ցանկանում ենք, որ մյուս ոլորտներում էլ համագործակցությունը բարձր մակարդակի լինի:
Տնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաև մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:
Մյուս թեմաներից մեկը, որը մեր ուշադրության կենտրոնում է, վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքներին: Իրանական կողմը պատրաստակամություն հայտնեց մասնակցել այդ ծրագրին: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթևեկության ուղղությամբ:
Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության ոլորտին: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը:
Քննարկումների մյուս թեման վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հաշվի առնելով մեր միջև լավ համագործակցությունը` հայտնում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու այդ ուղղությամբ կապերը:
Բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:
Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սև ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Որպես ամփոփիչ խոսք, պետք է նշեմ, որ ամենից կարևոր կետը այն է, որ երկու երկրներում առկա է ցանկություն, ներուժ, կամք, որպեսզի զարգացնենք հարաբերությունները: Մենք հանձնարարություններ տվեցինք պատասխանատուներին, որպեսզի քննարկեն բոլոր հարցերը մինչև միջկկառավարական նիստը»: