կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 21:18
Քաղաքական

ՌԴ դեսպանը հանդիպումների շարք է ունեցել Ազգային ժողովում

ՌԴ դեսպանը հանդիպումների շարք է ունեցել Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Վահե Էնֆիաջյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական ջերմ ու բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցությունն ու միջազգային հարթակներում համատեղ աշխատանքը:

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կներդնի բոլոր ջանքերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ վստահության մթնոլորտում:

Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը :

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի դարավոր ռազմավարական գործընկերությունը՝ առաջիկայում լայնամասշտաբ համագործակցության պատրաստակամություն հայտնելով: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնության խորհրդի համապատասխան հանձնաժողովների հետ համագործակցված աշխատանքը, գործընկերների հետ պարբերական շփումները:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցությանը:

Դեսպանն ընդգծել է, որ վերջին օրերի իր հանդիպումների ընթացքում մշտապես զգացել է հայ խորհրդարանականների ձգտումը հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու եւ նոր մակարդակի հասցնելու հարցում: Նշելով, որ նոր քաղաքական իրողություններում բարձրացել է օրենսդիր մարմնի դերը՝ նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական կապերի խորացումը միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն է:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարթակներում համատեղ աշխատանքին՝ Սերգեյ Կոպիրկինը կարեւորել է համակարգված օրենսդրական աշխատանքը մասնավորապես ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում:

Կողմերն անդրադարձել են նաեւ եվրոպական եւ եվրասիական ինտեգրման ուղղություններով համակարգված ու ներդաշնակեցված քայլերի իրականացմանը,  մեր երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականության առանձնահատկություններին:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ :

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարեւորել երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացումը: Ըստ նրա՝ առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտներում կատարվող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիներն անմիջապես զգում են իրենց վրա, հետեւաբար այդ ոլորտներում անհրաժեշտություն է միմյանց փորձին ծանոթանալն ու փոխօգնությունը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարեւորել է երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամությունը եւ նշել, որ համագործակցության դեռեւս չօգտագործված ներուժ կա բազմաթիվ ուղղություններով. նա առանձնացրել է, մասնավորապես, առողջարանային զբոսաշրջությունը, որի զարգացումը նպաստավոր կարող է լինել նաեւ այլ բնագավառների զարգացման համար:

Զրուցակիցները կարեւորել են խորհրդարանական հանձնաժողովների մակարդակում շփումների աշխուժացումն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների իրականացումը: